Գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկատվա-խորհրդատվական կենտրոնում կատարվում է հողի անվճար ստուգում, որպեսզի որոշվի այնտեղ գտնվող կալի, ֆոսֆոր, ազոտ միկրոէլեմենտների քանակը, ինչպես նաև ստուգվի PH-ը՝ թթվայնությունը:
Ախալքալաքի տեղեկատվա-խորհրդատվական կենտրոնին ստուգման համար անհրաժեշտ դեղորայքը տրամադրել է USAID- կազմակերպությունը: Դեղերի քանակը սահմանափակ է, հնարավոր է կատարել միայն 400 փորձաքննություն: Ստուգման ժամանակ որոշվում է կալի, ֆոսֆոր, ազոտ միկրոէլեմենտների նորմատիվ քանակությունը և ստուգվում է թթվայնությունը: Բոլոր ստուգումները անվճար են, պատասխանները տրվում են երկու օրվա ընթացքում:
Վրաստանի գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկատվա-խորհրդատվական կենտրոնի պետ Ռամազ Գոգոլաձեի խոսքերով, այս տարի կալի և ֆոսֆոր միկրոէլեմենտների ստուգումը ուշ է, քանի որ նրանցով հողը անհրաժեշտ է հարստացնել աշնանը, մինչև հերկը: Իսկ ազոտի և PH-ի՝ թթվայնության ստուգումը հիմա տեղին է: Սակայն կարելի է հողի ստուգումը անցկացնել հիմա, իսկ հողի հարստացումը միկրոէլեմենտներով կատարել աշնանը: Եթե դեղամիջոցներ մնան, ապա դրանք կարող են օգտագործվել մյուս տարի:
Տեղեկատվա-խորհրդատվական կենտրոնում արդեն ստուգել են 30 ֆերմերների հողի նմուշներ:
Ռամազ Գոգոլաձեի խոսքերով, մեր ֆերմերները գտնում են, որ իրենց հողերում ազոտի քանակը շատ է, սակայն պետք չէ մոռանալ, որ 40 օր հետո ազոտը չեզոքանում է:
«Մեր կատարած ստուգումների հիման վրա կարող եմ ասել, որ որոշների մոտ կալին է քիչ, որոշների մոտ ֆոսֆորը, իսկ հիմնականում կարելի է ասել, որ վիճակը նորմալ է, սակայն բոլոր նմուշներում ազոտը քիչ էր: Թթվայնությունը՝ PH-ը բոլոր նմուշներում նորմաին համապատասխան է: Շրջանի հողերի վիճակը կարելի է գնահատել նորմալ»,- ասում է Ռամազ Գոգոլաձեն:
Ստուգման համար հողի նմուշ վերցվում է հողամասի 4 ծայրերից կամ վերցվում է զիգզագաձև, որից հետո խառնվում է և ստուգման համար վերցվում է խառնուրդի մի փոքր մասը: Կան համապատասխան սարքավորումներ, որտեղ լցվում է հողը, հետո ավելացվում է թորած ջուրը և դեղորայքը, որը յուրաքանչյուր միկրոէլեմենտի համար տարբեր է:
Վարակիչ հիվանդությունների բացահայտման ստուգումներ կենրտոնը չի կատարում: Այդպիսի ստուգումներ կատարվում են մեծ լաբորատորիաներում, որոնք գտնվում են Ախալցիխեում և Թբիլիսիում: Դրանք վճարովի են:
Տեղեկատվա-խորհրդատվական կենտրոնի տնօրեն Ռամազ Գոգոլաձեի խոսքերով, բոլոր ներկրվող սերմացու կարտոֆիլները ստուգվում են, վարակի վտանգ չկա, ինչպես նաև շրջանում չկա կարտոֆիլի վարակիչ հիվանդություն:
Շուշան Շիրինյան