Արման Երեմյանն Ախալքալաքում դպրոցն ավարտելու հետո որոշել է Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանում բժշկագիտություն ուսումնասիրել: Նա 5-րդ կուրսի ուսանող է, սակայն արդեն մասնակցում է վիրահատությունների, և, որ մենակարևորն է՝ կորոնավարակի առաջին օրերից աշխատում է Covid-կլինիկայում։

Արմանը 5-րդ կուրսի ուսանող է, միաժամանակ աշխատում է Թբիլիսիի Սուրբ Միքայել հրեշտակապետի բազմապրոֆիլ կլինիկական հիվանդանոցում։

Արման Երեմյանը ծնվել է բժիշկների գերդաստանում և միշտ է ցանկացել բժիշկ դառնալ։ «1+4» ծրագրով ընդունվել է Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի նախապատրաստական կուրս, այնուհետև կրթությունը շարունակել համալսարանի բժշկական ֆակուլտետում։

«Միշտ ցանկացել եմ բժիշկ դառնալ։ «1+4» ծրագրով ընդուվել եմ, սկզբից սովորել եմ լեզուն, հետո մասնագիտությունս ընտրեցի։ Ճիշտ է շատ դժվար էր, բայց, եթե ցանկություն լինի, իմ կարծիքով կկարողանաս հասնել որոշ բաների։ Առաջին հերթին լեզվի չիմացությունն էր շատ դժվար։ Շուրջ բոլորդ վրացերեն են խոսում, դասի ժամանակ ինչ-որ հարցի ես ուզում պատասխանել ու չես կարող։ Ոչ թե լեզուն սովորելն է դժվար, այլ այն, որ ցանկանում ես որոշ բաների մասնակցել, խոսել, բայց չես կարող», – դժվարությունների մասին պատմում է Արմանը:

Վերջինս որոշել է Թբիլիսիում սովորել քանի-որ նրա ավագ եղբայրը նույնպես այստեղ է ուսանում:

«Երևանում սովորելուց և վերադառնալուց հետո պետք է որակավորման քննություն հանձնեի, դրա համար էլ ընտրեցի Թբիլիսին, սրանից բացի լեզուն սովորեցի: Ճիշտ էր, որ այստեղ եկա քանի-որ մեծ եղբայրս ևս Թբիլիսիում է», – ասում է ապագա բժիշկը։

Լեզվի չիմացության փուլը նա վաղուց է հաղթահարել, դեռևս 3-րդ կուրսում: Լեզուն արագ տիրապետելու հիմնական նախապայմանը նրա համար միջավայրն է՝ ամենօրյա հաղորդակցությունը վրացիների հետ և պրակտիկայում այն օգտագործել:

IMG-20210330-WA0005

Արմանն իր ապագան Վրաստանում է տեսնում:

«Ես չեմ ուզում դուրս գնալ՝ Ամերիկա, Գերմանիա, Ռուսաստան կամ այլ երկրներ։ Օրինակ. կոնկրետ Գերմանիա գնալու պատրաստվել եմ, սակայն հետո որոշել եմ, որ այստեղ մնալն ավելի ճիշտ է: Իհարկե, նաև ինչ-որ չափով մեր քաղաքին օգտակար լինելն է, եթե բոլորս թողնենք ու հեռանանք, ուրեմն ո՞վ պետք է օգնի մեր քաղաքին»,- հարցադրում է Արման Երեմյանը։

Չնայած նա չի պատրաստվում վերադառնալ և Ախալքալաքում աշխատել որպես բժիշկ, սակայն հարազատ քաղաքին ու բնակիչներին օգնելու ձգտումն ու մտորումները նրան հանգիստ չեն տալիս:

«Ես Ախալքալաքը տեսնում եմ, որպես այն վայրը, որտեղ ես պարտավոր եմ գալ, ինչ-որ բանով ժողովրդին օգնել։ Օրինակ. աչքի խնդիրներով օրը 20 հիվանդ է գալիս, ու այդտեղ ես ավելի շատ եմ պետք։ Այդպես կարելի է բժիշկների խմբով հավաքվել, գալ տեղում աշխատել, հետո հետ վերադառնալ։ Մեր ժողովուրդը Թբիլիսիում բազմաթիվ խնդիրների հետ է առնչվում՝ ֆինանսական, լեզվի չիմացության, կացարանի և այլնի հետ կապված։ Կան այնպիսի մարդիկ, որոնց պետք չէ հասնել կլինիկա, տեղում հնարավոր է բուժել։ Կարելի է նաև ապագայում բարեգործական ծրագրեր մշակել ու կյանքի կոչել», – ասում է նա։

IMG-20210330-WA0004

Արդեն մեկ տարուց ավելի է Արմանն աշխատում է կորոնավարակով հիվանդ պացիենտների հետ։ Նրա կարծիքով, եթե մարդ ցանկանում է լավ բժիշկ դառնալ, ապա ամենադժվար ժամանակին պետք է կայանա, երբ մարդիկ ամենաշատն ունեն օգնության կարիք:

«Պետք է տեսնես, որ զգաս, թե ինչ է հիվանդ մարդու համար օգնություն ստանալը։ Չեմ կարող ձեզ բացատրել, օրինակ. երբ մարդուն ներարկում ես, հետո շրջվում ներարկիչը կողքի դնելու, տեսնում ես նա ընկած է գետնին։ Այդ պահին նրան օգնում ես, նա անցնում է որոշակի բուժում, ապաքինվում և գալիս է քեզ շնորհակալություն է հայտնելու: Սա ամենամեծ ոգևորությունն է, և դու ուզում ես անընդհատ մարդկանց օգնել»:

IMG-20210330-WA0007

Կորոնավարակով հիվանդներին օգնելու ընթացքում առաջացած դժվարությունների մասին ապագա ակաբույժը հպանցիկ է խոսում: Նշում է, բժիշկներն անընդհատ լարված են և չգիտեն ինչպիսի ներգործություն կունենա կորոնավարակն իրենց օրգանիզմում: Երկրորդ դժվարությունը՝ շնչադիակով և պահպանիչ դիմավահաններ կրելն է, երբ շնչելը շատ է դժվարանում։ Արմանը այսօր էլ շարունակում է իր պայքարը «կարմիր գոտում»:

«Կորոնավարակի պիկի ժամանակ մտածում էի, որ կարելի է հենց Ախալքալաքում ստեղծել կենտրոն։ Քանի որ շատ զանգեր էի ստանում, հիվանդանոցներում տեղ չկար։ Բայց ինչո՞ւ, եթե մենք ունենք մեծ հիվանդանոց, և հենց այդտեղ կարելի էր բուժել հիվանդներին։ Ես կարծում եմ, որ դա ավելի ճիշտ կլիներ, քան հիվանդներին տեղափոխեին Նինոծմինդա, որտեղ ընդամենը 10 մահճակալ կար, որը մեր շրջանի համար փոքր է։ Ես մեծ ցանկությամբ կգայի մեր մոտ կաշխատելու», – հավելում է Արմանը։

Արման Երեմյանը Ջավախքից է, և բարձր առաջադիմությամբ է սովորում, այդ իսկ պատճառով Հայ Կրթական Հիմնարկությունը նրան կրթաթոշակ է հատկացրել:

IMG-20210330-WA0006

Նա որոշել է ակնաբույժ դառնալ, ծրագրում է որակավորում ստանալու համար արտերկիր մեկնել: Ներկայում Արմանը ստաժավորում է անցնում Թբիլիսիի Չիչուա բժշկական կենտրոնում և արդեն երկու տարի է կլինիկայի բժիշկների հետ Ախալքալաք է գալիս և մասնակցում վիրահատությունների:

Գայանե Ակոջյան