Ախալքալաքի տարբեր փողոցներում արդեն մի քանի տարի է ընդհանուր հսկողության տեսախցիկներ են տեղադրված։ Փորձեցինք պարզել քաղաքացիների կարծիքը տեսախցիկների վերաբերյալ։

Հիմնականում բնակիչները դրական են վերաբերվում տեսախցիկների առկայությանը՝ նշելով, որ տեսախցիկների շնորհիվ քաղաքում գողությունները նվազել են։

Միևնույն ժամանակ քաղաքի բնակիչներն ասում են՝

  • «Եթե տեսախցիկները հսկում են ընդհանուր փողոցները, որը ոչ ոքի չի խանգարում,  եթե չի վերաբերում ուրիշի անձնական կյանքին, ապա նորմալ է, միակ բացասական բանը դա կարող է լինել, իսկ ընդհանուր վերցրած շատ լավ է»։
  • «Շատ լավ է, գողությունները նվազել են»։
  • «Մի կողմից լավ է, մյուս կողմից ոստիկանը չի աշխատում, բայց աշխատավարձ է ստանում, չի շրջում փողոցներով, այլ նստած տեղը հետևում է։ Որպես շրջանի մարդ, ընկերոջս հետ հրմշտվենք, կգան գլխներիս կկանգնեն»։
  • «Շատ լավ է, եվրոպական յուրաքանչյուր երկրում այդպես է, մենք էլ ենք զարգանում։ Բայց կա այսպիսի մի բան, օրինակ․ իմ ընկերոջ տան պատին տեղադրել էին առանց հարցնելու, և երբ ընկերս առաջակեց պայմանագիր կնքել իր հետ, այդ ժամանակ հանեցին տեսախցիկը։ Ես առաջարկում եմ, որ պարտադիր տան սեփականտիրոջ հետ թույլտվության պայմանագիր կնքեն»։
  • «Ամենաճիշտ որոշումը դա է, օրինակ Մոսկվայում ամեն երկու քայլի վրա տեղադրված է, մի քանի րոպեի ընթացքում գողին ձերբակալում են»։
  • «Այն առումով է լավ, որ մարդիկ կարող են մեքենան կայանել և հանգիստ գնալ, լինում է շատ դեպքեր, որ հարվածում փախչում են, այդ տեսախցիկներով կբացահայտվի թե ով է, իմ ընկերոջ մեքենային մի քանի տարի առաջ խփեցին փախան, չկարողացանք բացահայտել։ Մեր տնից գողություն արեցին, չբացահայտվեց, իսկ հիմա վախենում են, որ նմանատիպ արարքներ անեն։ Ավելի շատ դրական եմ վերաբերվում, քան բացասական»։
  • «Ես ուզում եմ, որ իմ տան վրա էլ տեղադրեն, ինձ համար ապահովություն է։ Լավ բանից ոչ մեկ չի բողոքում»։
  • «Մեզ հաշվի առնողն ով է, որ մեր կարծիքն էլ հայտնենք»։
  • «Ինձ չեն անհանգստացնում, ինչքան շատ, այդքան ապահով»։
  • «Գողություններն արեցին պրծան, նոր տեղադրեցին»։

Jnews-ի կատարած հարցումից, որը անցկացվել է Ախալքալաքի երկու՝ Ազատության և Նալբանդյան փողոցներում, մոտ 30 մարդու հետ, պարզ է դառնում, որ քաղաքը վերահսկող տեսախցիկների առկայությանը քաղաքացիները դրական են վերաբերվում։

Jnews-ին պարզ է դարձել, որ որոշ բնակիչներ տեսախցիկներին հասանելիություն ունեն, իսկ թե ինչպես ու ինչ պայմաններում մենք դեռ այս հարցերի պատասխանները չունենք։

Վերջերս սոցիալական կայքերում շրջանառվում է տեսակետ, որ հանցագործությունների 75%-ը հիմա բացահայտվում է հենց վերահսկող տեսախցիկների շնորհիվ։

1

Ըստ 2022 թվականի հունիս ամսվա Jnews-ի ստացած տվյալների, որը տրամադրել էր Վրաստանի ՆԳՆ «112» Հանրային անվտանգության կառավարման կենտրոնը, Ախալքալաքում տեղադրված է մեքենայի պետհամարանիշը ճանաչող 17 տեսահսկման տեսախցիկ՝ «խելացի տեսախցիկ», ինչպես նաև ընդհանուր հսկողության 21 տեսախցիկ: Սակայն այդ տեսախցիկների թիվն ինչքանով է ավելացել, կտեղեկացնենք մեր հետագա հոդվածներում։