Այլ երկրների քաղաքացիները, ովքեր մշտական կացության իրավունք ունեն և բնակվում են Վրաստանում չեն կարողանում օգտվել երկրի օրենսդրական արտոնություններից:
2016 թվականի հունվարից Վրաստանում ուժի մեջ մտավ «Բարձրլեռնային տարածաշրջանների զարգացման» մասին օրենքը, որը ենթադրում է մի շարք արտոնություններ: Ախալքալաքի և Նինոծմինդայի բնակիչները, որպես բարձրլեռնային տարածաշրջանի բնակիչ, իրավունք ստացան օգտվել մի շարք օրենսդրական բարեփոխումներից: Օրինակ, հարկերից ազատվում են որոշ աշխատող մարդիկ, կամ, որ աշնանը պետությունը կսկսի օգնել կոմունալ ծախսերի մարման հարցում, արտոնություններ են ստացել մասնավոր արտադրողները, ավելանում է տարիքային թոշակը և ուսուցիչների աշխատավարձը և մի շարք այլ արտոնություններ: Սակայն օրենսդրական այս բարեփոխումները չեն վերաբերվում օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր մշտական կամ ժամանակավոր կացության կարգավիճակ ունեն Վրաստանում:
Գաղտնիք չէ, որ Ջավախքի բնակչության մեծ մասը այլ երկրի քաղաքացիություն ունեն և սեփական տանն ապրում են հյուրի կարգավիճակով: Սոցիալական կարիքները հոգալու համար ջավախքցիները մինչ օրս էլ շարունակում են ձեռք բերել այլ երկրի (հիմնականում՝ Հայաստանի և Ռուսաստանի) քաղաքացիություն: Մարդիկ ստիպված արտագնա աշխատանքի են մեկնում Ռուսաստան: Երբ Ռուսաստանի ու Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվեցին 2008 թվականի հնգօրյա պատերազմից հետո, Ջավախքի բնակիչները, ովքեր ընտանիքներն են պահում Ռուսասանում վաստակած փողերով, հայտնվեցին բարդ իրադրության մեջ: Մարդիկ ելք էին փնտրում Ռուսաստան մեկնելու և գտան այն այլ երկրի քաղաքացիություն ստանալով:
Իսկ այլ երկրների քաղաքացի ջավախքցիները Վրաստանում բնակվում են կացության կարգավիճակի շնորհիվ: Այսօր բազմաթիվ մարդիկ կացության թույլտվությամբ աշխատում են տարբեր բնագավառներում:
Տիկին Ռուզանն արդեն 10 տարի է ռուսական քաղաքացիություն ունի, ինչպես նաև մշտական բնակության իրավունք Վրաստանում: Նա աշխատում է «Վրաստան բանկի» Ախալքալաքի մասնաճյուղում, սակայն ի տարբերություն իր գործընկերների չի կարողանում օգտվել պետական օրենսդրական արտոնություններից:
«Ես Ռուսաստանի քաղաքացիություն եմ ձեռք բերել, որ կարողանամ ծնողներիս այցելել, ոչ թե այնտեղ ապրելու համար: Մշտական կացության իրավունք ունեմ, այստեղ եմ աշխատում, բայց ինձ ճնշված եմ զգում: Հասկանում եմ, այլ երկրի քաղաքացի եմ, ընտրություններին մասնակցել չեմ կարողանում: Եթե Վրաստանի աշխատանքի մասին օրենքից ելնելով աշատանք են տվել, ուրեմն պետք է այլ օրենքների տված հնարավորություններից ևս օգտվեմ: Տրամաբանությամբ այդպես պետք է լինի»,- ասաց Ռուզան Եփրիկյանը:
Անի Մինասյանը բարձրագույն կրթություն է ստացել Հայաստանում, որպեսզի օգտվեր կրթական արտոնություններից ձեռք է բերել Հայաստանի քաղաքացիություն: Հինգ տարուց ավել է նա աշխատում է Ախալքալաքում և չի օգտվում արտոնություններից: Օրինակ 2014 և 2015 թվականներին, երբ Վրաստանում հարկերի «Մինիմալ վերադարձում» ծրագրից Անին չկարողացավ օգտվել:
«Երկու տարի Վրաստանում հարկերի որոշ տոկոս հետ էին վերադարձնում, բայց ես չստացա: Հիմա բարձրլեռնային գոտու բնակչի կարգավիճակ չեն տալիս: Բոլորի նման այստեղ եմ ծնվել, աստեղ եմ ապրում ու աշխատում, նույն օդը շնչում, բայց արտոնություններից չեմ կարողանում օգտվել: Անարդար է»,- բողոքեց Անի Մինասյանը:
Լարիսա Քոթանջյանը ևս բողոքում է, որ բոլորի նման հարկ է վճարում պետությանը, բայց չի կարողանաում օգտվել արտոնություններից:
«Այստեղ եմ ծնվել, այստեղ էլ աշխատում եմ: Հանգամանքների բերումով այլ քաղաքացիություն եմ ստացել: Սա խտրական մոտեցում է: Բոլորի նման պարտականություններ ունեմ, իսկ իրավունքներ՝ ոչ: Երբ հարկ եմ վճարում պարտական եմ, իսկ երբ օրենքի արտոնություններից պետք է օգտվեմ արդեն իրավունք չունեմ»,- ասաց ուսուցչուհի Լարիսա Քոթանջյանը:
Այսպիսով, Վրաստանի որոշ բնակիչներ, ովքեր ապրում ու աշխատում են մշտական կամ ժամանակավոր կացության թույլտվությամբ, չեն կարողանում օգտվել երկրի օրենսդրական արտոնություններից: Բայց նրանք էլ բոլորի նման նույն օդն են շնչում ու արտաշնչում:
Աղունիկ Այվազյան