ՆԱՏՕ-ի և ԵՄ տեղեկատվական կենտրոնը Ախալքալաքում տեղեկատվական հանդիպումներ է անցկացնում Վրաստանի և ԵՄ համագործակցության հարցերի, եվրաինտեգրման գործընթացի մեխանիզմների և առավելությունների վերաբերյալ։
Հոկտեմբերի 24-ին, ժամը՝ 15:00-ին, ՆԱՏՕ-ի և ԵՄ տեղեկատվական կենտրոնը հանդիպում է անցկացրել Ախալքալաքի հանրակրթական դպրոցների ուսուցիչների հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Ախալքալաքի շրջանային ժողովի նիստերի դահլիճում։
Կենտրոնի կողմից հրավիրված Վրաստանի արտաքին գործերի նախարարության եվրոպական ինտեգրման աջակցության վարչության ղեկավար, խոսնակ Դավիթ Բուջիաշվիլին խոսել է ԵՄ-ի և Վրաստանի միջև համագործակցության դինամիկայի, եվրաինտեգրման գործընթացի մեխանիզմների և առավելությունների մասին։ Ուսուցիչները և դպրոցի տնօրենները բանախոսին ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը:
«Ուսուցիչները տեղեկատվական Կենտրոնի առաջնահերթություններում են։ Թիրախային խմբի հետ շփման հիմնական նպատակն է խորացնել նրանց գիտելիքները արևմտյան արժեքների, եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման կարևորության, առկա հնարավորությունների և մարտահրավերների մասին, ինչպես նաև խթանել նրանց ակտիվ ներգրավվածությունն ինտեգրացիոն գործընթացներում»,- մեկնաբանել է Սամցխե-Ջավախքում ՆԱՏՕ-ի և ԵՄ կենտրոնի տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Թեոնա Զուրաբաշվիլին:
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, նմանատիպ հանդիպումներ կանցկացվեն նաև Ախալքալաքի քաղաքապետարանի և սակրեբուլոյի աշխատակիցների, ինչպես նաև Սամցխե-Ջավախքի համալսարանի ուսանողների հետ։