Ախալքալաքի Բորիս Լոմսաձե փողոցի բնակիչները բողոքում են, որ իրենց փողոցը ասֆալտապատվում է առանց կենտրոնական կոյուղու անցկացման:

Խորհրդային տարիներից ի վեր Բորիս Լոմսաձե փողոցի՝ Դարբինյան խաչմերուկից մինչև Ծերեթելի ընկած հատվածում բացակայում է կենտրոնական ջրահեռացման համակարգը: Բնակիչները սեփական նախաձեռնությամբ ու միջոցներով են կոյուղի անցկացրել և միացրել Ծերեթելի փողոցի: Սեփական ուժերով անցկացրած կոյուղին ընդամենը 30 սմ խորություն ունի:

Բնակիչներից մեկը փոքրուց հիշում է, որ մեծերը միշտ աշխատել են, որ փողոցում կենտրոնական կոյուղի անցկացվի, սակայն չեն կարողացել:

«Մենք ասում ենք, պետական միջոցներով նախ կոյուղի կառուցեք, հետո նոր ասֆալտ արեք, թե չէ առանց կոյուղի ասֆալտն իմաստ չունի, արտաքին գեղեցկություն, բայց տակը ոչ մի գեղեցկություն, մաքրություն չկա, լրիվ հակահիգենիկ է»,- ասաց Լոմսաձե փողոցի բնակիչ Մարտին Շիրինյանը:

Լոմսաձե փողոցի Դարբինյանից մինչև Ծերեթելիի խաչմերուկ ընկած հատվածի շուրջ 21 տների բնակիչներն առաջարկում են կենտրոնացված կոյուղի կառուցել, որից հետո յուրաքանչուր տուն սեփական միջոցներով կմիանա ընդհանուր ցանցին:

«Մոտավոր 250-300 մ է, թող կոյուղին կառուցեն, իսկ բնակիչներս մեր ուժերով միանանք, որ հետագայում խնդիր չլինի: Եթե մեր կոյուղին չգործի, ուրեմն պիտի ավելորդ գումար ծախսենք, ասֆալտը քանդենք, որ կոյուղի կառուցենք ու նորից ասֆալտապատենք, տուգանքն էլ հետը մուծենք: Մեր բողոքին ասացին, որ եղած կոյուղին նորմալ է: Ինչպե՞ս կարող է կոյուղին նորմալ լինել, երբ մեր փողոցը պետականորեն կոյուղի չէ ունեցել»,- բողոքեց Լոմսաձե փողոցի բնակիչ Հովհաննես Հարությունյանը:
koyuxii

Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերության Ախալքալաքի սպասարկման կենտրոնում տեղեկացրին, որ տեղյակ են նշված խնդրի մասին, սակայն ոչինչ չեն կարող ձեռնարկել, քանի որ նախ ժամանակային առումով չեն հասցնի, հետո էլ տարածքում ծանր տեխնիկան չի կարող աշխատել:

«Որտեղ նորմալ չէ, մենք սկսել ենք փոխել. օր Մաշտոցի փողոցում: Եթե նորմալ է մենք ձեռք չենք տա, այդտեղ հնարավոր չէ շատ խորը փորել, քուռչ է: Ստուգել ենք, եղած կոյուղին նորմալ է, կապ չունի, թե ընդհանուր է, թե սեփական միջոցներով: Ներկա պահին նորմալ է, տրաքած չէ, ջարդած չէ, փչացած չէ, եթե հարցը խորությունն է, ապա մենք էլ, որ անենք դրանից խորը չենք անի: Հետո էլ տարածքը անհարմար տեղ է, եթե տուն չլիներ հնարավոր էր ուրիշ տեխնիկա բերել, տուն կա, տեխնիկան եթե աշխատի, էդ դեպքում տները կճաքեն»,- ասաց սպասարկման կենտրոնի մենեջեր Վարդ Մոսոյանը:

Ախալքալաքի Վարչության ենթակառուցվածքների, տարածքային ձևավորման, շինարարության և ճարտարապետության ծառայության ղեկավար Ալբերտ Նահատակյանի խոսքերով բնակիչները սեփական միջոցներով եթե ցանկանում են, ապա կարող են փոխել կոյուղին:

«Կարող ենք ժամանակ տալ, որ էդ փողոցը ամենավերջում ասֆալտ անեն: Բնակիչները մեզ էլ են դիմել, դա մեր իրավասության մեջ չէ, սեփական տներին մենք կոյուղի չենք քաշում: Եղած կոյուղին նորմալ է, արի իրար հետ գնանք տեսնենք: Չի կարելի նման կամակորություն անել՝ «նոր կոյուղի սարքեք, որ թողնենք ասֆալտապատելու», չեն ուզում չենք անի, իրենց փողոցը ծրագրից կհանենք: Եթե իրենք սեփական ուժերով փոխեն, էդ դեպքում հնարավոր է մենք օգնենք: Օրինակ. փորելու գործում»,- նշեց նա:

Իսկ բնակիչները նշում են, որ ներկայիս ծանր տնտեսական պայմաններում ոչ բոլորն են ի վիճակի գումար հատկացնել նոր կենտրոնական կոյուղու համար:

«Մենք ինքներս չենք կարող անցկացնել կենտրոնական կոյուղի, դա մեծ գումար է, մարդ կա ունի, մարդ էլ կա չունի: Եթե իրենք հիմնական խողովակաշարը անցկացնեն, այդ ժամանակ ես և բոլորն էլ իրենց տներից մինչև կենտրոնական կոյուղի կմիանանք մեր միջոցներով»,- նշեց Վիտալիկ Կարախանյանը:

Բորիս Լոմսաձե փողոցի շուրջ 20 բնակիչներ բողոք-նամակներ են գրել՝ թե շրջանային վարչություն, թե Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերություն, սակայն երկու դեպքում էլ վիրջիններիս մերժել են:

Ի վերջո ինչ լուծում է ստանալու այս խնդիրը ենթադրելի է, սակայն հարց է, ինչու՞ ենք այսօր սարքում, եթե վաղը քանդելու հավանականությունը մեծ է:

Աղունիկ Այվազյան