Ախալքալաքի Դարբինյան-Կեցխովելի փողոցների խաչմերուկում գտնվող բաց դիտահորը երկու տարի է սպառնալիք է անվտանգ երթևեկությանը, օրերս ավտոմեքենա է ընկել այնտեղ:
Արտակն ամեն օր իր երեխային ավտոմեքենայով մանկապարտեզ է տանում, ճանապարհին բազմաթիվ են բաց դիտահորերը, որոնք նա փորձում է համբերատար հաղթահարել, սակայն Դարբինյան-Կեցխովելի փողոցների խաչմերուկում առկա բաց դիտահորը միշտ չէ, որ կարելի է շրջանցել:
«Շատ վտանգավոր է մանկապարտեզի ճանապարհի այս դիտահորը, քանի որ խաչմերուկի վրա է, երկու օր առաջ մեջն ընկա, որովհետև ներքևից մեքենա էր գալիս, իսկ կողքիցս մի կին էր անցնում երեխայի հետ: Չհասցրի մեքենաս արգելակել ու հայտնվեցի դիտահորի մեջ», – Jnews-ին բողոքեց Արտակը:
Հարկ է նշել, որ Ախալքալաքի թիվ 2-րդ մանկապարտեզը 200 սան ունի, սա քաղաքի ամենաբանուկ փողոցներից մեկն է հանդիսանում:
Մեր փոքրիկ հարցուփորձի արդյունքում պարզ դարձավ, որ գրեթե երկու տարի է այս դիտահորը բաց է, և վերջերս բնակիչները անելանելիությունից դրդված ծառի ճյուղ են մտցրել, որ վարորդներին ու հետիոտնին զգուշացնի վտանգի մասին: Նրանք կատակով նշում են՝ «ծառ ենք աճեցնում»:
Ըստ տենդեր-մրցույթի այս տարի Ախալքալաքում կվերանորոգվի 11 վտանգավոր դիտահոր, սակայն ինչպես պարզեցինք Դարբինյան-Կեցխովելի խաչմերուկի բաց դիտահորը այդ 11-ի ցուցակում չկա: Վերանորոգվող և վտանգավոր դիտահորերի մասին ևս մեկ նյութ սպասեք մեր կայքէջում մոտ օրերս:
Աղունիկ Այվազյան