Ախալքալաքի մունիցիպալիտետի երկու գյուղի՝ Ալաստանի եւ Կոթելիայի դպրոցներում սկսվել են վերանորոգման աշխատանքները։ Ալաստանի, Կոթելիայի և ինչպես արդեն նշել էինք Սուլդայի դպրոցները դասվում է այն կրթօջախների շարքին, որոնց մասին հայտարարել էր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Համաձայն այդ հայտարարության՝ Վրաստանում կկառուցվի և կնորոգվի ընդհանուր առմամբ 800 դպրոց։ Կկառուցվի 80 նոր, ամբողջությամբ կնորոգվի 220, մասամբ կնորոգվի 500 դպրոց։

12

Ալաստանի հանրային դպրոցի սաները հոկտեմբերի 1-ից երկրորդ հերթափոխով հաճախում են Վարևանի հանրային դպրոց, որովհետեւ իրենց դպրոցն արդեն վերանորոգվում է։

«Մենք դասերն անցկացնում ենք Վարևանի դպրոցում, հաճախում ենք երկրորդ հերթով։ Դպրոցից կմնա միայն պատերը և ծածկը, ամբողջությամբ կվերանորոգեն, կապիտալ նորոգում կիրականացվի, կփոխվեն դռները, պատուհանները, ինչպես նաև ընդհանուր ջեռուցման համակարգ կտեղադրվի», – ասաց Ալաստանի դպրոցի տնօրեն Կրտյան Ռուբենը։

Ալաստանի դպրոցում սովորում է 100 աշակերտ, 90-ը՝ Ալաստան, իսկ 10-ը՝ Կոկիա գյուղից։ Դպրոցում աշխատում է 23 ուսուցիչ, նրանցից 22-ն ավագ ուսուցիչներ են։

Ալաստանի դպրոցում կապիտալ նորոգում երբեք չի եղել, այն 1983 թվականի շենք է, տարիների ընթացքում իրենց միջոցներով քիչ-քիչ բարեկարգել են, բայց ինչպես տնօրենն է նշում, դա հարցի լուծում չէր կարող լինել։

Այս ծրագրի շրջանակներում վերանորոգվում է նաև Կոթելիա գյուղի հանրային դպրոցը։ Նրանք հաճախում են Բարալեթ գյուղի թիվ 2 դպրոց, նույնպես երկրորդ հերթափոխով։

13

Կոթելիայի դպրոցի վերանորոգման աշխատանքները նույնպես սկսվել է հոկտեմբերի 1-ից։

«Նեքին հարդարման աշխատանքներ են իրականացվում։ Դպրոցն իրոք գտնվում էր անմխիթար վիճակում, կտուրը նույնպես պետք է փոխեն, քանի որ անձրևի ժամանակ ջուրը ներս էլ լցվում, մինչև առաջին հարկ հասնում էր ջուրը», – ասաց գյուղապետ Մալխաս Աչելաշվիլին։

Դպրոցի տնօրեն Զալիկո Մաիսուրաձե նշեց, որ վերանորոգման աշխատանքները սկսվել են, սակայն երբ կավարտվեն դեռ չգիտեն։ Նրանց դպրոցում սովորում է 55 աշակերտ, աշխատում՝ 22 ուսուցիչ։

Դպրոցների վերանորոգման աշխատանքներն իրականացնում է «Կրթական և գիտական ենթակառուցվածքների զարգացման գործակալությունը»։

Այս թեմայով կարդացեք նաեւ՝

Դադեշի աշակերտները հոկտեմբերի 1-ից կհաճախեն Սուլդայի դպրոց