Վրաստանի հանրային դպրոցներում 1-6-րդ դասարանների աշակերտների համար դպրոցական համազգեստ կրելը պարտադիր է դառնում։ Համազգեստների տրամադրումը դպրոցներում նախատեսվում է իրականացնել փուլ առ փուլ։
Համազգեստների տրամադրման գործընթացի, ժամկետների և վճարման կարգի մասին Jnews-ը զրուցել է Ախալքալաքի թիվ 4 հանրային դպրոցի տնօրեն Գայանե Կարախանյանի հետ։
Տնօրենի խոսքով՝ առաջին դասարանների աշակերտների համար նախատեսված համազգեստները պետք է տրամադրվեն մինչև սեպտեմբերի 14-ը, իսկ 2-6-րդ դասարանների երեխաները դրանք կստանան հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին՝ փուլ առ փուլ։
«Առաջին դասարանների երեխաների համազգեստները պետք է բաժանվեն մինչև սեպտեմբերի 14-ը։ Մնացած դասարանների երեխաները համազգեստները կստանան հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին՝ փուլ առ փուլ։ Մինչև դեկտեմբեր բոլոր երեխաներն արդեն պետք է ունենան իրենց համազգեստը», — նշեց տիկին Գայանե Կարախանյանը։
Համազգեստների համար վճարումը նախատեսվում է իրականացնել անկանխիկ եղանակով։ Ծնողները վճարումը պետք է կատարեն երեխայի անձնական համարով՝ բանկային քարտի միջոցով։
Վճարումը հնարավոր կլինի կատարել ինչպես դպրոցում՝ համազգեստը ստանալու պահին, այնպես էլ ցանկացած բանկում։ Բանկում վճարում կատարելու դեպքում ծնողը պետք է ստանա վճարման կտրոնը և այն ներկայացնի դպրոցում՝ համազգեստը ստանալու ժամանակ։ Իսկ անապահով ընտանիքների երեխաների համար համազգեստները կլինեն անվճար։
Տնօրենի խոսքով՝ այդ ընտանիքների վերաբերյալ տվյալներն արդեն առկա են համապատասխան տվյալների բազայում, ուստի ծնողները լրացուցիչ գրանցման կամ այլ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտություն չեն ունենա։
Իսկ այն հարցին, թե ինչպես է կատարվելու երեխաներին համապատասխան չափսերի համազգեստի ընտրությունը, տիկին Գայանեն ասաց․
«Սեպտեմբերի 1-14-ը հատուկ օրեր կնշանակվեն և երեխաներին մաս-մաս կկանչենք դպրոց, այդ ժամանակ էլ ծնողները կընտրեն իրենց երեխաների չափսերին համապատասխան հագուստները։ Հագուստները կարող են տարբեր չափսերի լինել, այսինքն՝ տաբատը կարող է լինել մի չափս, բաճկոնը մեկ այլ, ինչպես որ համապատասխան է երեխային»։
Այսպիսով, մինչև դեկտեմբեր Վրաստանի հանրային դպրոցների 1-6-րդ դասարանների բոլոր աշակերտները պետք է ապահովված լինեն դպրոցական համազգեստով։


