նորություններ 14 Օգոստոսի, 2026 • Ախալքալաքի դպրոցների դասարաններում արկղեր կտեղադրվեն հեռախոսների համար

2026-2027թթ․․ ուսումնական տարվանից Վրաստանի հանրային դպրոցներում կգործեն էլեկտրոնային հաղորդակցության սարքերի օգտագործման նոր կանոններ։ Դրանք վերաբերում են աշակերտների կողմից բջջային հեռախոսների, խելացի ժամացույցների և այլ նմանատիպ սարքերի օգտագործմանը։ Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխություններով՝ էլեկտրոնային սարքերի, այդ թվում՝ բջջային հեռախոսների օգտագործման կանոնները պետք է հաստատի Կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը։

Նախարարության ներկայացրած մոտեցման հիմնական նպատակն ուսումնական գործընթացի ընթացքում աշակերտների կենտրոնացվածության և ներգրավվածության բարձրացումն է։ Նախարար Գիվի Միքանաձեն ավելի վաղ նշել էր, որ խոսքը դպրոց հեռախոսով գալու արգելքի մասին չէ, այլ դասերի ընթացքում սարքերի հասանելիության սահմանափակման։

Նոր կանոնների համաձայն՝ դպրոցներում նախատեսվում է հատուկ պայմանների ստեղծում, որպեսզի աշակերտների հեռախոսներն ուսումնական գործընթացի ընթացքում պահվեն առանձնացված վայրում։ Դպրոցները պետք է պատրաստ լինեն նոր կարգի կիրառմանը 2026-2027 ուսումնական տարվանից։

Jnews-ի հետ զրույցում Ախալքալաքի թիվ 4 հանրային դպրոցի տնօրեն Գայանե Կարախանյանը նշեց, որ իրենց դպրոցն արդեն հատուկ արկղեր պատվիրել է, և դրանք սեպտեմբերի 1-ից կլինեն դասասենյակներում։

«Սեպտեմբերի 1-ից մեր դպրոցի դասասենյակներում արդեն պատրաստ կլինեն հատուկ արկղերը, որտեղ պահվելու են երեխաների հեռախոսները։ Այդ արկղերում են պահվելու նաև ուսուցիչների հեռախոսները։ Սա չի նշանակում, որ ուսուցիչները իրավունք չունեն հեռախոսներն օգտագործելու, այլ մենք դա դիտարկում ենք որպես երեխաների համար օրինակ ծառայելու ձև»։

Հեռախոսների օգտագործման սահմանափակումը բացարձակ արգելք չի նշանակում։ Նախատեսվում են դեպքեր, երբ աշակերտը կարող է օգտագործել հեռախոսը, եթե դրա անհրաժեշտությունը պայմանավորված է ուսումնական նպատակներով և ուսուցիչը թույլ է տալիս։

Բացառություններ կարող են կիրառվել նաև առողջական կամ այլ բժշկական անհրաժեշտության դեպքում։ Բացի այդ, որոշ այլ իրավիճակների համար բացառություններ կարող են սահմանվել դպրոցի հայեցողությամբ՝ գործող կանոնների շրջանակներում։

Այսպիսով, նոր ուսումնական տարում Վրաստանի հանրային դպրոցներում հեռախոսը աշակերտի համար այլևս չի լինելու սովորական հասանելի սարք դասերի ընթացքում․ այն ուսումնական օրվա ընթացքում պետք է պահվի նախատեսված վայրում, բացառությամբ այն դեպքերի, երբ դրա օգտագործման անհրաժեշտությունը թույլատրված է կանոններով։

 

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝