Մենք մտնում ենք երկար ու դժվարին պատերազմի մեջ, որը մեզ պարտադրել է ՀԱՄԱՍ-ի դաժան հարձակումը, ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Նրա խոսքով՝ առաջին փուլը կավարտվի մի քանի ժամից՝ Իսրայելի տարածք ներխուժած թշնամու ուժերի մեծ մասի ոչնչացմամբ։

«Միևնույն ժամանակ, մենք սկսում ենք հարձակողական փուլը, որը կշարունակվի անվերապահորեն և առանց դադարի, քանի դեռ նպատակները չեն իրականացվել», – ասել է Նեթանյահուն։ Նրա խոսքով՝ Իսրայելը կհաղթի։

«Մենք կվերականգնենք Իսրայելի քաղաքացիների անվտանգությունը և կհաղթենք»,- ասել է Նեթանյահուն։

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն իր ամենամեծ հարձակումն իրականացրեց Իսրայելի վրա։ Իսրայելն իր հերթին ավիահարվածների պատասխան ալիք է ձեռնարկել Գազայի հատվածի վրա։
Հոկտեմբերի 8-ի առավոտվա դրությամբ Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հարձակման զոհերի թիվը հասել է 300-ի, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Նրանց խոսքով՝ հիվանդանոցները գերբեռնված են։ Տուժել է 1590 մարդ, որոնցից 300-ի վիճակը ծանր է, 19-ը՝ ծայրահեղ ծանր։

Բացի այդ, հաղորդվում է, որ ՀԱՄԱՍ-ի զինյալները տասնյակ խաղաղ բնակիչների և Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողների են գերել և տարել Գազայի հատված: