Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ եթե Ուկրաինան Արևմուտքից ստանա հեռահար հրթիռներ, ապա «Ռուսաստանը կարող է հարվածներ հասցնել այն թիրախներին, որոնք դեռևս հարվածների չեն ենթարկվել»:
Պուտինն իր այդ հնչեցրած սպառնալիքներով արձագանքել է Ուկրաինային համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր տրամադրելու Միացյալ Նահանգների որոշմանը:
Նա ասել է, թե այդ մատակարարման հարցում որևէ նոր բան չկա, քանի որ Ուկրաինան արդեն ունի խորհրդային արտադրության նման զինատեսակներ, սակայն եթե դրանց ավելացվեն հրթիռներ, որոնց հեռահարությունը 45-70 կիլոմետրից ավելին է, «ապա Ռուսաստանը եզրակացություններ կանի»:
Պուտինը չի հստակեցրել, թե Ուկրաինայում որ թիրախներին կարող է հարվածել ռուսական կողմը: Նրա խոսքով, «զենք տալով Ուկրաինային՝ Արևմուտքը փորձում է ձգձգել այս հակամարտությունը»:
Միացյալ Նահանգները որոշել է Ուկրաինային տերամադրել HIMARS տեսակի (High Mobility Artillery Rocket System) բարձր շարժունակությամբ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ընդգծելով, որ Ուկրաինան այդ զենքով չպետք է հարվածներ հասցնի Ռուսաստանի տարածքին:
Դրանց հեռահարությունը մինչև 80 կիլոմետր է, սական որոշ փոփոխությունների և համապատասխան զինամթերքի կիրառման դեպքում հեռահարությունը հնարավոր է հասցնել 300-500 կիլոմետրի: