Հոկտեմբերի 1-ից Վրաստանի պետական սահմանը հատելիս սահմանային հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ներդրվել է դեմքի ճանաչման էլեկտրոնային հատուկ ծրագիր։ Այս մասին հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։
Ըստ ներքին գործերի նախարարության՝ դեմքի ճանաչման էլեկտրոնային համակարգը թույլ կտա սահմանապահ-հսկիչներին տվյալների ավտոմատացված մշակման միջոցով ակնթարթորեն և հուսալիորեն Վրաստանի սահմանը հատելիս բացահայտել հետախուզվող, արտաքսված, արգելված կամ այլ օրինախախտ անձանց:
«Նշված համակարգի արդյունավետ գործունեությունը էապես կնպաստի պետական և հասարակական անվտանգության պաշտպանությանը։ Բացի այդ, դեմքի ճանաչման հատուկ էլեկտրոնային համակարգի գործարկումը երաշխավորում է, որ Վրաստանը կատարում է տարբեր միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ ԵՄ/Շենգեն գոտու երկրների հետ առանց վիզայի ճանապարհորդության գործընթացի ավելի լավ կառավարում»,- նշել են ՆԳՆ-ից:
Հաղորդագրության համաձայն՝ դեմքի ճանաչման հատուկ համակարգերը հաջողությամբ կիրառվում են եվրոպական մի շարք երկրներում և հանդիսանում են անօրինական միգրացիայի դեմ պայքարի արդյունավետ միջոց: