Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարումը կարգավորող ազգային հանձնաժողովի (GNERC) նախագահ Դավիթ Նարմանիան երկրի համար չթույլատրվող շռայլություն է համարում Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ պատժամիջոցների կիրառումը։

«Մի քանի ամիս է մենք էլեկտրաէներգիա ենք ստանում Ռուսաստանից՝ ելնելով այն հանգամանքից, որ այն ավելի էժան է, քան Թուրքիայից և Ադրբեջանից ստանալու դեպքում։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով սակագների զգայունությունը, մենք շռայլելու պատճառ չունենք քաղաքական դրդապատճառներով հրաժարվելու ռուսական էժան էներգիայից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Նարմանիան։

Այդուհանդերձ, GNERC-ի ղեկավարը վստահեցնում է, որ երկրում էներգետիկ ճգնաժամ չի լինի Ռուսաստանից էմբարգոյի կամ մատակարարումների սահմանափակման դեպքում «որևէ պատճառներով»։ «Էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրներ ստանալու ուղիներ գոյություն ունեն», – հավելել է Նարմանիան:

2021 թվականին Ռուսաստանը դարձել է Վրաստան էլեկտրաէներգիայի խոշորագույն արտահանողը, որին բաժին է ընկնում երկիր մատակարարումների կեսից ավելին։

Վրաստանի էլեկտրաէներգիայի շուկայի օպերատորի (ESCO) վիճակագրության համաձայն՝ 2021 թվականին Վրաստանում էլեկտրաէներգիայի սպառումը կազմել է 15,3 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա (2020 թվականի համեմատ աճել է 23,5 տոկոսով), իսկ արտադրվել է 12,6 միլիարդ կվտ/ժամ:

Պակասուրդը լրացնելու համար Վրաստանը ներմուծել է ավելի քան 2 միլիարդ կիլովատ/ժամ: Դրանցից 1,2 միլիարդ կիլովատ/ժամը՝ Ռուսաստանից, 161,2 միլիոն կվտ/ժամը՝ Թուրքիայից, 600,1 միլիոն կիլովատ/ժամը՝ Ադրբեջանից: