«Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն արտակարգ ճեպազրույցում վստահեցրել է, որ «Օտարերկրյա գործակալների մասին» երկու օրինագծերը կչեղարկվեն «բոլոր կանոններին համապատասխան»։

Մինչ այդ, հինգշաբթի առավոտյան խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ հանրային անդորրը պահպանելու համար հետ է կանչում առաջին ընթերցմամբ ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։ Ավելի ուշ պարզվել էր, որ ըստ կանոնակարգի՝ ոչ թե հետկանչ էր անհրաժեշտ, այլ նոր քվեարկությամբ ընթացակարգ։

Առաջին ընթերցմամբ ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը կտապալվի երկրորդ ընթերցման ընթացքում՝ քվեարկության ժամանակ, և այդպիսով նախագիծը կարգելափակվի, ասել է Մդինարաձեն։

Դե իսկ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրինագծի երկրորդ տարբերակը, որը չի ունեցել քվեարկության ընթացակարգ, վերջինիս խոսքերով, հետ է կանչվել նախաձեռնողի՝ «Ժողովրդի ուժը» շարժման կողմից։

Մդինարաձեն նաև հայտնել է, որ խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին երկու օրինագծերն արդեն հետ է կանչել Վենետիկի հանձնաժողովից։

Ընդամենը երկու օր առաջ իշխող կուսակցությունը սկսել էր առաջին օրինագծի քվեարկությունը զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին, որոնք վերաճել էին հատուկ ջոկատայինների հետ բախումների:

«Օրինագծերի չեղարկման հիմնական ելակետը մեր որոշումն էր՝ վտանգի տակ չդնել ոչ մի մարդու առողջությունն ու կյանքը, սա էր ելակետը… Ուստի մենք առաջնահերթություն համարեցինք ամեն ինչ մի կողմ դնելը, սա կարմիր գիծ էր»,- ասել է Մդինարաձեն։