Ներկայում Վրաստանի խորհրդարանը քննարկում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որը կոչվում է նաև «ռուսական օրենք»։ Քաղաքական հայտարարությունների ժամանակ բախում է եղել: «Վրացական երազանք»-ի պատգամավորները ֆիզիկապես հարձակվել են ընդդիմադիրների վրա, փոխանցում է netgazeti.ge-ն։
Բանավոր հակառակումը սկսվել է Ազգային շարժման նախագահ Լևան Խաբեիշվիլիի ելույթի ժամանակ։ Խաբեիշվիլին նշել է խաղաղ ցուցարարների նկատմամբ իրավապահների կողմից կիրառվող ուժային մեթոդները, ընդդիմադիր պատգամավորների, ակտիվիստների և «ռուսական օրենքին» դեմ հանդես եկող հասարակ քաղաքացիների նկատմամբ ահաբեկման և ֆիզիկական բռնության փորձերը։
Խաբեիշվիլիի հետ առաջինը կոնֆլիկտի մեջ է մտել Նինո Ծիլոսանին, ապա նաև մեծամասնության մյուս պատգամավորները։ Ֆիզիկական բախումը սկսվել է այն բանից հետո, երբ «Վրացական երազանք»-ի պատգամավոր Դիտո Սամխարաձեն մոտեցել է ընդդիմադիր պատգամավորներին՝ հայհոյելով ու բռնության սպառնալիքներով։
Արդյունքում խորհրդարանի կայքում ուղիղ հեռարձակումը դադարեցվել է, իսկ նախագահ Շալվա Պապուաշվիլին տեխնիկական ընդմիջում է հայտարարել։
Ընդդիմադիր կին պատգամավորներ Անա Բուչուկուրին և Թամար Կորձաիան հանդիպումն ուղիղ եթերով հեռարձակել են Facebook-ում։ Այդ կապակցությամբ Պապուաշվիլին նրանց գրություն է տվել, որում նշվում է, որ երբ լրագրողները դահլիճում են, պատգամավորների կողմից կարիք չկա նկարահանելու ընթացիկ իրադարձությունները։ Մինչդեռ մեծամասնական պատգամավորները՝ Իրակլի Դաչի Բերաիան և Միխայիլ Կավելաշվիլին, բղավել են լրագրողների վրա, որպեսզի վերջիններս դադարեցնեն նկարահանումները։
Նիստերի դահլիճից հրապարակված կադրերից երևում է, որ ֆիզիկական բախման մեջ ներգրավված են եղել Ռիմա Բերաձեն, Դիտո Սամխարաձեն, Ալուդա Ղուդուշաուրին և մեծամասնության այլ պատգամավորներ։
Ֆիզիկական բախումից հետո նիստը վերսկսվել է։
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստին զուգահեռ օրենսդիր մարմինը շարունակում է բողոքել «ռուսական օրենքի» դեմ։ Խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարները փակել են Ռուսթավելի պողոտան։
Այս պահերին շարունակվում է նաև ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենի հանդիպումը վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
Ինչպես նախօրեին հայտնել էր Կոբախիձեն, ԱՄՆ պետքարտուղարի օգնականը ցանկացել է հանդիպել Բիձինա Իվանիշվիլիի հետ, սակայն նա հրաժարվել է հանդիպել Օ’Բրայենի հետ։
Միևնույն ժամանակ, Կոբախիձեն բազմիցս կրկնել է «Երազանքի» քարոզչական նարատիվը, իբր Իվանիշվիլին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելուց հետո պատժամիջոցների է ենթարկվել «գլոբալ պատերազմի կուսակցության» կողմից, սակայն Իվանիշվիլին շանտաժի չի ենթարկվում։
Կոբախիձեն նաև հայտնել է, որ, չնայած ամեն ինչին, «Վրացական երազանքը» մայիսի 14-ին վերջնական երրորդ ընթերցմամբ կընդունի «ռուսական օրենքը», որը սահմանափակում է ԶԼՄ-ներին և քաղաքացիական կազմակերպություններին։