Վրաստանի Սահմանադրական դատարանն այսօր՝ հոկտեմբերի 3-ին, բանավոր դատանիստում կքննարկի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի (դատավարության կարգ, ըստ որի պատասխանատվության է ենթարկվում պետության հանցագործություն կամ զանցանք կատարած նախագահը, անվստահության արտահայտում) վերաբերյալ սահմանադրական հայտը։ Մեծամասնության պատգամավորները դիմել են ՍԴ՝ որոշելու, թե արդյո՞ք Սալոմե Զուրաբիշվիլիի՝ առանց Կառավարության համաձայնության արտասահման կատարած այցերը խախտում են Սահմանադրությունը։

Հարկ է նշել, որ Սալոմե Զուրաբիշվիլիի արտասահմանյան այցերը, որոնք համաձայնեցված չեն եղել կառավարության հետ, հիմք են հանդիսացել, որպեսզի իշխող կուսակցությունը սկսի նախագահի իմփիչմենթի արշավը։ Նախագահին իմփիչմենթի կարգով պաշտոնանկ անելու հարցը որոշվել է սեպտեմբերի 1-ին «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի նիստում։ Ընդդիմությունը և բազմաթիվ կազմակերպություններ դեմ են իմփիչմենթին՝ նշելով, որ դա վնասում է երկրի ժողովրդավարական իմիջին և կխանգարի Վրաստանին թեկնածուի կարգավիճակ ստանալ։

Սահմանադրական դատարանը ունի մեկ ամիս ժամանակ՝ եզրակացություն պատրաստելու համար: Եթե դատարանը որոշի, որ նախագահը խախտել է Սահմանադրությունը, ապա նախագահին հեռացնելու համար անհրաժեշտ է պատգամավորների առնվազն 100 ձայն, ինչը «Վրացական երազանք»-ի մեծամասնությունը չունի։

Սահմանադրական դատարանի տեղեկացմամբ՝ սահմանադրական հայցադիմումի ըստ էության քննարկումը տեղի կունենա ժամը 12:00-ին բանավոր լսումով։ Դատավարությանը սպասվում են և՛ հայցադիմումի հեղինակները, և՛ Վրաստանի նախագահը։

«Վրաստանի ՍԴ, 2023 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 3/2/1797 արձանագրությամբ, ընդունել է թիվ 1797 սահմանադրական հայցադիմումը («Վրաստանի խորհրդարանի անդամների (Իրակլի Կոբախիձե, Շալվա Պապուաշվիլի, Մամուկա Մդինարաձեն և այլք, ընդհանուր 80 անդամ) սահմանադրական հայցադիմումը՝ Վրաստանի նախագահի կողմից Վրաստանի Սահմանադրության ենթադրյալ խախտման վերաբերյալ) ըստ էության քննարկման։

Թիվ 1797 սահմանադրական հայցադիմումի քննարկման առարկան Վրաստանի Սահմանադրության 52-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի հնարավոր խախտումն է՝ կապված Վրաստանի նախագահի կողմից արտաքին հարաբերություններում ներկայացուցչական լիազորությունների իրականացման հետ՝ առանց Վրաստանի կառավարության համաձայնության, որն արտահայտվել է արտասահմանյան աշխատանքային այցերի իրականացմամբ և պաշտոնատար անձանց հետ աշխատանքային հանդիպումների ու բանակցությունների անցկացմամբ»,- ասվում է տեղեկատվության մեջ։