Եվրահանձնաժողովի զեկույցը, որը գնահատելու է Վրաստանի գործողությունները ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու ուղղությամբ, նախնական տվյալներով կհրապարակվի նոյեմբերի 8-ին, – հայտնում են ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Բրյուսելի աղբյուրները։

Այս եզրակացությունների հիման վրա Եվրոպական խորհուրդը որոշում կկայացնի դեկտեմբերին։ Վրաստանը թեկնածուի կարգավիճակ կստանա, եթե դրան աջակցեն ԵՄ բոլոր 27 երկրների ղեկավարները։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ով այժմ գտնվում է Բրյուսելում, հայտարարել է, որ «արդյունավետ հանդիպումներ է ունեցել»։

Reuters-ը գրում է, որ Ուկրաինան տարեվերջին անպայման կանաչ լույս կստանա ԵՄ-ից, նմանօրինակ հանձնարարական է սպասվում Մոլդովայի դեպքում, իսկ Վրաստանի վերաբերյալ դեռ որոշում չկա։

Կառավարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այս շաբաթ ներկայացրել է Եվրոպական հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեին կառավարության կողմից ձեռնարկված քայլերի մասին՝ երկրին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելու 12 առաջարկությունների իրականացման ուղղությամբ։

Ղարիբաշվիլին ընդգծել է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու կարևորությունը և հույս հայտնել, որ 12 առաջնահերթ բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ Վրաստանի ջանքերը պատշաճ կերպով կգնահատվեն։