Այս տարվա հունիս ամսից սկսված Խավեթ-Դավնիա-Էրինջա ճանապարհի վերականգնման աշխատանքները մոտենում են ավարտին։ Հիմա «ՋավախԱվտոԳզա» ճանապարհաշինարարական ընկերության աշխատակիցներն արդեն բետոնապատման աշխատանքներն են իրականցանում։ Հեռավոր Խավեթ գյուղի բնակիչների համար ճանապարհի կառուցումը հուսադրող է:

Արդեն մեկ ամիս է փակ է Խավեթ գյուղ տանող հիմնական ճանապարհը փակ է, գյուղացիներն այլընտրանքային ճանապարհով են քաղաք հասնում։ Գյուղի անվերջանալի, բազում խնդիրներից խավեթցիները կարևորում և առանձնացնում էին ճանապարհի կառուցումը։ Խավեթցիները հիմնականում զբաղվում են կարտոֆիլագործությամբ և անասնապահությամբ: Բայց ճանապարհի պատճառով մշտապես բախվում են բերքի իրացման խնդրին։ Բանն այն է, որ կարտոֆիլի գնորդներն հեռավոր Խավեթ գյուղ հասնում են այն ժամանակ, երբ մյուս գյուղերում այլևս կարտոֆիլ չի լինում, կամ ընդհանրապես չեն գնում, ստիպված գյուղացին ինքն էր կարտեֆիլը տանում Թբիլիսի, կամ գնորդները նրանց սպասում էին Սուլդա գյուղի մոտակայքում:

Սամվել Մկրտչյանը, ով Խավեթի բնակիչ է, իսկ հիմա աշխատում է ճանապարհի կառուցման վրա, ասում է՝ կարտոֆիլ վաճառելը միշտ էլ մեծ խնդիր է եղել իրենց համար, ինչը պայմանավորված է ճանապարհի անբարեկարգ վիճակով։

«Ենթադրենք վաչիանցին ու չանդուրեցին, կամ մյուս գյուղերի բնակիչները, ովքեր որ նորմալ ճանապարհ ունեն կարողանում են վաճառել բերքը իրենց ուզած գնով։ Իսկ մենք ստիպված ենք միշտ մեր մեքենաներով տանել, ջարդելով մեքենաները հասնել Թբիլիսի, որ վաճառենք»։

5

«Ես ինքս կարտոֆիլ եմ տանում Թբիլիսի վաճառելու, եթե ճանապարհը նորոգվի, շատ բան կփոխվի։ Խավեթից մինչև Սուլդա եմ հասնում 1 ժամ 10 րոպեում, հիմա կես ժամ կամ ավելի քիչ կտևի։ Համ վառելանյութի ծախսը քիչ կլինի, համ էլ մեքենանրես չեն փչանա։ Մինչև Սուլդա գալիս էին կարտոֆիլ գնող բեռնատարները, Խավեթ չէին գալիս, ասում էին ճանապարհ չկա, ասում էին դուք բարձեք բերեք Սուլդա մենք կառնենք։ Անցած տարի սուլդացիների կարտոֆիլը գնում էին 1․20 լարիով, իսկ մեր կարտոֆիլը 0․80 թեթրիով», – ասում է Խավեթի բնակիչ Յուրիկ Սահարյանը։

4

Գյուղացիներն ուրախ են, որ վերջապես իրենց տարիների երազանքն իրականանում է: Միևնույն ժամանակ թրեահավատ են, որ այսուհետ մարդիկ գյուղից չեն հեռանա։

«Ես կարծում եմ, որ արտագաղթը մեր գյուղից կդադարի, միայն մի բան, որ եթե առաջ ճանապարհը երկար էր, հիմա կրճատվում է։ Մարդիկ գնում են Ռուսաստան, հիմնականում նաև մեր Ախալքալաք են տեղափոխվում, մոտ 10 տնտեսություն մեր քաղաքում արդեն տուն ունի», – ասում է Խավեթ գյուղի բնակիչ Անահիտ Սահարյանը։

Ընդգծենք, որ Խավեթ-Դավնիա-Էրինջա ճանապարհի կառուցման սկզբնական արժեքը կազմում է 2 619 220 լարի, այն բազմամյա ծրագիր է։ Այս տարվա շինարարության համար հատկացվել է 500 000 լարի, որից 200 000-ը հատկացրել է բարձրալեռնային հիմնադրամը, իսկ 300 000-ը` տեղական բյուջեն:

Կառուցվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 5կմ 500մ է, լայնությունը՝ 4․50 մետր է։

Շինարարները վստահեցնում են, որ այս տարվա աշխատանքներն արդեն ավարտական փուլում են:

«Արդեն ավարտական փուլում ենք, բետոնապատման աշխատանքներ ենք անում, եղանակային պայմանները չեն խանգարում, տաք է ու բետոնը չորանում է», – ասում է «ՋավախԱվտոԳզա» ընկերության աշխատակից Սամվել Մկրտչյանը։

Ախալքալաքի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանի խոսքով, ճանապարհի մնացած՝ 4կմ 700մ հատվածը կառուցվի 2024 թվականին։

Հարկ է նշել նաև, որ խավեթցիներն արդեն երկար տարիներ է, ինչ բողոքում էին ճանապարհի անբարեկարգ լինելուց, և նշում, որ իրենք ամեն հարցում տուժվում են հենց ճանապարհների անբարեկարգ վիճակի պատճառով:

6

Այս թեմայով կարող եք կարդալ նաև՝

Ի՞նչն է խավեթցիներին ստիպում հեռանալ հարազատ բնակավայրից

Խավեթի անվերջանալի, անվերջ չլուծվող խնդիրները

Սկսվել է Խավեթ-Դավնիա-Էրինջա ճանապարհի կառուցման աշխատանքները

Խավեթցիները դժգոհում են այն ճանապարհից, որով «ոչ թե երթևեկում, այլ լողում են»

Խավեթցիները դժգոհում են անանցանելի ճանապարհներից