
Հունիսից սկսվել են Խավեթ-Դավնիա-Էրինջա գյուղերի ճանապարհի վերականգնման աշխատանքները, որն իրականացնում է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը:
Այս նախագծի սկզբնական գինը կազմում է 2 619 220 լարի: Ախալքալաքի մունիցիպալիտետի Խավեթ-Դավնիա-Էրինջա գյուղերի ճանապարհի բետոնապատումը բազմամյա ծրագիր է, և 2023 թվականին շինարարության համար հատկացվել է 500 000 լարի, որից 200 000-ը հատկացրել է բարձրալեռնային հիմնադրամը, իսկ 300 000-ը` տեղական բյուջեն:
Jnews-ը կապ է հաստատել Խավեթ գյուղի տարածքից ընտված Շրջանային ժողովի մեծամասնական պատգամավոր Հրաչ Մովսիսյանի հետ, իրականացվող աշխատանքների մասին մանրամասն տեղեկություն ստանալու համար:
«Այս պահին ակտիվ ընթանում են ճանապարհի կառուցման աշխատանքները, ջրամատակարարման համակարգի աշխատանքները 80%-ով ավարտված են, սողանքային հատվածներում իրականացվել են քարալցման և այդ հատվածների ամրացման աշխատանքները: Խավեթ գյուղի մուտքի մոտ ճահճային և սողանքային հատվածում աշխատանքներն ավարտված են և գյուղացիները արդեն կարող են երթևեկել ճանապարհի նոր հատվածով», — ասաց Ախալքալաքի Շրջանային ժողովի պատգամավոր Հրաչ Մովսեսյանը
Կառուցվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 5կմ 500մ է, որի ընդահուր արժեքը կազմում է 2 619 220 լարի:
Նշենք, որ Խավեթ-Դավնիա-Էրինջա ճանապարհը պետք է վերականգնվեր անցած տարի՝ Համաշխարհային բանկի միջոցներով, սակայն հիմնադրամը ինչ-ինչ պատճառներով հրաժարվել էր գումար հատկացնել։