Քաղաքից հեռու լինելը, գազաֆիկացման բացակայությունը, անբարեկարգ ճանապարհները, աշխատատեղերի և երիտասարդների զբաղվածությունն ապահովող հաստատություների բացակայությունը, Թուրքիային շատ մոտ լինելը, այն խնդիրների մի մասն են, որոնք ստիպում են խավեթցիներին լքել իրենց գյուղը: Նրանք գնում են՝ փնտրելով ավելի բարեկեցիկ կյանք, որ իրենց երեխաներն էլ չանցնեն այն դժվարություների միջով ինչ իրենք են անցել:
«Մանկուց ուզում էի ֆուտբոլով զբաղվել, բայց ամեն անգամ քաղաք հասնելը խնդիր էր, չկարողացա մարզումների գնալ, իսկ հիմա արդեն ուշ է: Ես իմ ապագան գյուղում չեմ պատկերացնում, ուզում եմ ինչ-որ բան անել գյուղի համար, բայց մենք մեր ուժերով ոչինչ չենք կարող փոխել, քանի որ խնդիրները շատ-շատ են: Տարիներով խնդիրները լուծվելու փոխարեն, կուտակվել են», – ասում է Խավեթից Փառնավազ Սիմոնյանը: Փառնավազն ապագա ուսանող է, այս տարի նա կավարտի դպրոցն ու կգնա սովորելու:
Խավեթում մարդիկ զբաղվում են՝ և անասնապահությամբ, և հողագործությամբ, որոնք էլ գյուղացիների հիմնական ապրուստի միջոցներն են:
Դժվարությամբ ստացած բերքը վաճառելն էլ գյուղացիների համար մեծ խնդիր է: Գնորդներն ամենավերջինն են այս գյուղ գնում, երբ մյուս գյուղերում այլևս ապրանք չի լինում:
Խավեթի երեխաների մանկությունը դեռ չսկսած ավարտվում է: Վաղ տարիքից երեխաները գյուղատնտեսական ծանր աշխատանք են կատարում՝ անասուներին սարերում արածացնելուց մինչև դաշտային աշխատանքներ:
«Երբ փոքր էի ու գնում էի դաշտ խոտ կամ կարտոֆիլ հավաքելու, միշտ երազում էի այնպիսի կյանք ունենալ, որ այդ գործերն այլևս չանեմ: Դպրոցս ավարտեցի ծնողներս սովորելու ուղարկեցին, արձակուրդներին միշտ գնում եմ գյուղ և փորձում մերոնց օգնել: Ես միակը չեմ, գրեթե բոլորն են այդպես անում: Սովորելու ընթացքում շատերին ճանաչեցի, որոնք մեր երիտասարդներից ավելի շատ հնարավորություններ ունեն առաջ գնալու, բայց ապրում են սխալ կյանքով: Իսկ մեր գյուղի երիտասարդները այդքան դժվարություների հետ ձգտում են, որ ինչ որ բանի հասնեն, առաջ գնան, որ գոնե իրենց երեխաները լավ կյանքով ապրեն», – ասում է Խավեթ գյուղից Թբիլիսիում ուսանողը: Նա շուտով համալսարանը կավարտի և բարձր վարձատրվող աշխատանքի կանցնի քաղաքում՝ փորձելով իր ապագան կառուցել գյուղից դուրս:
Գյուղում երիտասարդների համար զբաղմունքի համար ոչ մի հետաքրքիր վայր չկա: Ազատ ժամանակ երիտասարդների հիմնական զբամունքը դարձել է հեռախոսը:
Ժաննան ևս սովորում է Թբիլիսիում, նախապատրաստական կուրսի ուսանողուհի է: Սիրում է իր ծննդավայրը, բայց գյուղում ապագա չի տեսնում:
«Խնդիրները ստիպում են հեռանալ գյուղից, ինչքան էլ սիրես ծննդավայրդ, բայց գյուղում ոչինչ չկա: Երիտասարդների համար զբաղմունքի միջոց չկա: Մարդիկ հեռախոսների մեջ են, կաբելային ինտերնետը հասանելի դարձավ վերջին տարիներին, հեռախոսային կապը նորմալ չէ, Magti-ին հասանելի է ու թանկ, իսկ beeline-ը ոչ միշտ և ոչ բոլոր տեղերում է հասանելի: Օնլայն դասերի ժամանակ ինտերնետի բացակայության պատճառով անընդհատ բացակայում էի: Ով գյուղից դուրս է գալիս չի ուզում վերադառնալ, լինի ուսանող, թե արտագնա աշխատանքի մեկնող», – ասում է Ժաննա Պետրոսյանը:
Արուսիկն Ախալքալաքում վարսավիրություն է սովորում, մյուս տարի պատրաստվում է համալսարան ընդունվել: Ասում է՝ քանի դեռ գյուղի խնդիրներն օր օրի ավելանում են, որոնց լուծումը երիտասարդները չեն կարող տալ, կբերի նրան, որ մոտ ապագայում Խավեթը կպատկանի ուրվական գյուղերի շարքին:
«Հասարակ քաղաք հասնելը մեծ ծախսերի հետ է կապված: 21-րդ դարում ենք ապրում, բայց գյուղը դեռ գազաֆիկացված չէ, աթար ենք վառում, անվերջ կարող եմ թվարկել խնդիրները», – ասում է Արուսիկ Մկրտչյանը:
Խավեթ գյուղում այժմ ապրում է 55 ընտանիք, մինչդեռ 2000-ականերին բնակվել է մինչև 100 ընտանիք: Գյուղում նշում են՝ կորոնավարակով և ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված զանգվածային արտագաղթը գյուղից դանդաղել է, բայց իրավիճակը կայունանալուն զւցգընթաց շատերը կհեռանան:
Կարդացեք նաև՝
«Իշխանությունները նույնիսկ չգիտեն, որ նման գյուղ գոյություն ունի». Խավեթի բնակիչ
Կյանքը չամուռի թագավորությունում (Photo/Video)
Խավեթցիները դժգոհում են այն ճանապարհից, որով «ոչ թե երթևեկում, այլ լողում են»