Այսօր, մայիսի 28-ին Խավեթ գյուղի բնակիչները Ախալքալաքի քաղաքապետարանում հանդիպեցին տեղական իշխանությունների ներկայացուցիչներին և բարձրաձայնեցին իրենց գյուղին հուզող առաջնահերթ խնդիրների մասին: Իշխանության ներկայացուցիչները խոստացան առաջնահերթ Խավեթ գյուղ տանող ճանապարհի ավազապատման աշխատանքներն իրականացնել:
Խավեթ գյուղից մոտ 20 բնակիչ եկել էր Ախալքալաքի քաղաքապետարան: Բանն այն է, որ անձրևոտ եղանակների պատճառով գյուղի ճանապարհն առհասարակ անանցանելի է դարձել, բնակիչները ղեկավար մարմիններից խնդրում են անհապաղ միջոցներ ձեռնարկել:
Քաղաքապետ Յուրիկ Ունանյանը մարդկանց բողոքը լսելուց հետո հայտարարեց, որ շուտով Ախալքալաքի շրջանի գյուղամիջյան ճանապարհների ավազապատման և հարթեցման աշխատանքների իրականացման էլեկտրոնային մրցույթ կհայտարարվի և մոտավոր 10 օրվա ընթացքում պարզ կլինի, թե ով կհաղթի մրցույթը:
«Տենդերը արդեն պատրաստ է, մի անգամ հայտարարեցինք, բայց որոշակի անճշտությունների պատճառով այն չկայացավ, առաջիկայում նորից կհայտարարենք և որ ընկերությունը որ հաղթի, այդ ընկերությանն էլ կխնդրենք աշխատանքները սկսել Խավեթ գյուղից: Մենք տիրապետում ենք իրավիճակին, աշխատենք այնպես անենք, որ գոնե անցանելի լինի, մինչև կարողանանք ասֆալտապատել: Այս տարի ձեր գյուղի համար միայն ավազապատման աշխատնքներ են նախատեսված»,- ասաց Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:
Անանցանելի ճանապարհներից դժգոհող գյուղացիները առաջարկեցին աշխատանքներն իրականցնելու ժամանակ գյուղից մի քանիսը վերահսկողություն իրականացնեն, որպեսզի որակյալ աշխատանք կատարվի:
Քաղաքապետը ոչ միայն համաձայնվեց, այլև խոստացավ, որ առանց գյուղացիների ակտը ստորագրելու տեղական իշխանությունը գործը չի ընդունի. «Մենք նույնիսկ գոհ կլինենք, որ դուք վերահսկեք պրոցեսը»:
Նշենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեից 2018 թվականին շրջանի 64 գյուղերի գյուղամիջյան ճանապարհների ավազապատման և հարթեցման համար նախատեսված է 200 000 լարի:
Ախալքալաքի շրջանի սահմանամերձ ու հեռավոր Խավեթ գյուղի ապրելակերպի յուրահատկությունների ու ավանդույթների մասին առավել մանրամասն ու ամբողջական կարող եք կարդալ վաղվա մեր հրապարակումներում:
Աղունիկ Այվազյան