Սեպտեմբերի 3-ին Խավթում տեղացած ուժեղ կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղի բնակիչներին, վնասելով ինչպես ցանքատարածությունները, այնպես էլ տների տանիքները:

Կարկուտի հասցրած վնասի փոխհատուցում ստանալու ակնկալիքով գյուղացիները, որոնք զգալի վնաս են կրել, դիմել են Ախալքալաքի քաղաքապետարան։

Քաղաքապետարանը գյուղացիների դիմումների հիման վրա գյուղ է ուղարկել համապատասխան աշխատակիցների, կարկուտի հասցրած վնասի չափը գնահատելու համար, որի հիման վրա էլ գյուղացիներին համապատասխան փոխհատուցում կտրվի՝ վնասված տանիքները նորոգելու համար։

Jnews-ը կապ է հաստատել Ախալքալաքի քաղաքապետարանի, ապա նաև Խավեթ գյուղի մեծամասնական պատգամավոր Հրաչյա Մովսեսյանի հետ։

«Գյուղացիների դիմումներում կան բացթողումներ, բոլոր անհրաժեշտ տեղեկություները ստանալուց հետո քաղաքապետարանը կսկսի ընթացք տալ դիմումներին», – նշեցին քաղաքապետարանից:

Հրաչյա Մովսեսյանի խոսքով, ընդհանուր առմամբ ստացել են 18 դիմում, մի քանի ընտանիքի դիմումները ոչ լիարժեք են, և բոլոր տվյալներն ամբողջությամբ ստանալուն պես գործին ընթացք կտրվի։

«Թե ինչքան գումար կհատկացվի յուրաքանչյուր ընտանիքի, չեմ կարող ասել, բայց փոխհատուցվող գումարը կլինի անհատական և վնասին համապատասխան, գյուղացիներն արդեն ավելացրել են բոլոր պակաս տվյալները», – նշեց Հրաչյա Մովսեսյանը։

Հիշեցնենք, որ Խավեթը միակ գյուղն էրզ, որը տուժել էր սեպտեմբերի 3-ին տեղացած ուժեղ կարկուտից: