Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ այսօրվանից Չինաստանի քաղաքացիների համար կգործի առանց վիզայի ռեժիմ։

Այդ մասին Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է կառավարության նիստում։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ չինացի զբոսաշրջիկները համարվում են աշխարհի ամենացանկալի զբոսաշրջիկները։

«Զբոսաշրջությունը մեզ համար շատ կարևոր է։ Անցյալ տարի զբոսաշրջությունից ուղղակի եկամուտ ենք ստացել 3 մլրդ 500 մլն դոլարի չափով։ Այս տարի մենք էլ ավելին ենք ակնկալում։ Մենք աշխատում ենք այլ շուկաներում։ Մենք ցանկանում ենք ավելի շատ զբոսաշրջիկների ներգրավել երկիր։

Ես շատ հաջող այց եմ ունեցել Չինաստան, իսկ Չինաստանն այսօր աշխարհի երկրորդ խոշոր տնտեսությունն է, ամենաուժեղ տնտեսությունը։ Մեր հիմնական շահերից է Չինաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդումը, Չինաստանից ավելի շատ ներդրումներ գրավելը, ավելի շատ զբոսաշրջիկներ բերելը Վրաստան։ Իմ այցը ծառայում էր այդ նպատակին։

Մենք որոշում ենք կայացրել այսօրվանից սկսել Չինաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը։ Համապատասխան հրամանագիրը ես կհրապարակեմ այսօր։ Դա կլինի շատ կարևոր, դա խթան կհանդիսանա, որպեսզի էլ ավելի շատ զբոսաշրջիկներ գան Վրաստան։ Ուզում եմ ասել, որ չինացի զբոսաշրջիկները համարվում են աշխարհի ամենացանկալի զբոսաշրջիկներից։ Ունենք նաև ուղիղ ավիաչվերթներ»,- հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին: