Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին հրաժարական է տվել: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Գրառման մեջ քաղաքական գործիչը չի նշել պաշտոնաթողության պատճառները, բայց հույս է հայտնել, որ ապագայում կկարողանա «լավ գործեր անել երկրի առաջընթացի և հաջողության համար»:
«13 տարվա ծայրաստիճան հետաքրքիր և մարտահրավերներով լի գործունեությունից հետո ես այսօր հեռանում եմ պետական ծառայությունից: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր պետական ծառայողի, որի հետ ես երկար տարիներ եմ անցկացրել: Շնորհակալություն բոլորին՝ կառավարությունում, խորհրդարանում, քաղաքականության մեջ կամ դրանից դուրս, միջազգային գործընկերներին, հասարակական կազմակերպություններին, լրագրողներին, բոլոր-բոլորին, ում հետ ես այս ընթացքում աշխատել եմ:
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Գիորգի Գախարիային, ով վստահություն հայտնեց ինձ՝ իրեն ընդհանրապես անծանոթ մարդուն, և հնարավորություն տվեց շատ լավ գործեր անել: Հուսով եմ, որ որտեղ էլ լինեմ, ես կկարողանամ բարի գործեր անել երկրի առաջընթացի ու հաջողության համար», – գրել է Մեզվրիշվիլին:
Նաթիա Մեզվրիշվիլին Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավար էր նշանակվել 2019-ի հոկտեմբերի 2-ին: Նախկինում նա Վրաստանի ՆԳՆ ղեկավարի տեղակալն էր, իսկ Գիորգի Գախարիային վարչապետ նշանակելուց հետո նա ստանձնեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: