Վրացական իշխանությունները թույլ չեն տա, որ երկրում համաճարակաբանական իրավիճակը վատթարանա սահմանների բացմամբ, ուստի մոտ ապագայում նախատեսվում է զբոսաշրջիկներին ընդունել միայն այն երկրներից, որոնք ունեն կորոնավիրուսի ցածր տարածվածություն: Այս մասին հայտարարել է Վրաստանի Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Հուլիսի 1-ից Վրաստանը սահմանները կբացի օտարերկրյա զբոսաշրջիկների համար: Առաջիկա օրերին իշխանությունները պետք է ներկայացնեն «կանաչ երկրների» ցանկը, այսինքն՝ համաճարակաբանական տեսակետից անվտանգ երկրների: Ինչպես և սպասվում էր, Վրաստան թույլատրվելու է զբոսաշրջիկներին մուտք գործել՝ Գերմանիայից, Չեխիայից, Ավստրիայից, Մերձբալթյան երկրներից և այլն:

Ըստ ամենայնի, Ռուսաստանը, Թուրքիան, Հայաստանը և մի շարք այլ երկրներ, որոնցից Վրաստանն ամենաշատը զբոսաշրջիկներին էր ընդունում, չեն ընդգրկվի այս ցուցակում:

«Շատ երկրներ, որոնք մեզ համար զբոսաշրջիկների որոշակի աղբյուր էին ներկայացնում, գտնվում են բավականին բարդ համաճարակաբանական իրավիճակում: Այստեղից եկող յուրաքանչյուր զբոսաշրջիկից ռիսկ կա, և մենք թույլ չենք տա այդ ռիսկերը», – հայտարարել է Գաբունիան:

Առողջապահության փոխնախարարը նշել է, որ դեռ վերջերս Վրաստանը բանակցություններ էր վարում Իսրայելի հետ տուրիստական ուղևորությունների վերսկսման շուրջ, սակայն, այնտեղ համաճարակաբանական իրավիճակը վատթարացել է, և «որոշ չափով՝ նրանք են վերանայել այդ որոշումը»:

Գաբունիան հավելել է, որ ԵՄ իշխանությունները ընտրել են նմանատիպ ռազմավարություն: Ինչպես հայտնի է, ԵՄ-ն քննարկում է մի քանի երկրների քաղաքացիների համար իր տարածք մուտքի ժամանակավոր մերժման հնարավորությունը` կապված կորոնավիրուսի տարածման առումով շարունակվող անբարենպաստ իրավիճակի հետ:

«Մենք թույլ չենք տա վիրուսը երկիր մուտք գործի: Եթե մենք բացենք դռները բարձր ռիսկային երկրների համար, իհարկե, լրացուցիչ քննարկման և վերլուծության կարիք չկա, այդ ռիսկը կհայտնվի երկրում: Այսպիսով, առաջին չափանիշը, որը բոլոր երկրները քննարկում և խորհում են այդ շուրջ՝ դա սահմանների բացումն է այսպես կոչված կանաչ երկրների համար, որտեղ համաճարակը լավ է վերահսկվում», – հայտարարել է Առողջապահության փոխնախարարը:

Նա հավելել է, որ պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ,PCR) մեթոդով «հուսալի լաբորատորիայում» ուղևորությունից ոչ ուշ, քան 72 ժամ առաջ իրականացված բացասական կորոնավիրուսի թեստերի արդյունքները, կարող են համարվել «մուտքի ժամանակ հատուկ պաշտպանման մեխանիզմ»:

Այնուամենայնիվ, Վրաստանի իշխանությունները չեն պատրաստվում հույսները դնել բացառապես նման վկայագրերի վրա:

«Ամենայն հավանականությամբ, այս մեխանիզմը կկիրառվի համապատասխան խմբերում: Այնուամենայնիվ, դա չի կարող զանգվածային ընգրկման համար լինել, եթե պատկերացնենք, որ կսկսվի ակտիվ ներհոսք բարձր ռիսկային երկրներից: Հետևաբար, մենք շատ զգույշ ենք մոտենում այս խնդրին: Տեսնենք, թե ինչպես կզարգանա համաճարակաբանական իրավիճակը», – հայտարարել է Գաբունիան:

Վրաստանը, որտեղ կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին, առաջին երկրներից դարձավ, որը խիստ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկեց COVID-19-ի դեմ: Կորոնավիրուսով հիվանդների կառավարման հաջողված ռազմավարության հետ միասին դա թույլ տվեց Վրաստանին արագորեն հաղթահարել համաճարակի առաջին ալիքը:

Այժմ երկիրը COVID-19-ի առումով մահացության ամենացածր ցուցանիշն ունի: Ընդհանուր առմամբ, երկրում արձանագրվել է կորոնավիրուսի 914 դեպք, դրանցից 14-ը մահվան ելքով, իսկ գրեթե 85%-ը՝ 771 մարդ ապաքինվել է: Երկրի կովիդ-կլինիկաներում բուժումը շարունակում է 129 պացիենտ: