Քաղաքային ժամացույց, ինտերակտիվ բիլբորդ, Փարվանա գետի մոտ սրճարանի կառուցում և դիտահարթակ Ախալքալաք քաղաքի ճանապարհին. այսպիսի գաղափարներ են ախալքալաքցիները ներկայացրել քաղաքապետարան՝ հետագա իրականացման համար։ Թե որն է ընտրվելու դրանցից, դեռ հայտնի չէ։

Ախալքալաքում իրականացվում է «Քաղաքացիական հասարակության հնարավորությունների ընդլայնում սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքում հավասար և համապարփակ մասնակցության համար» նախագիծը, որի շրջանակներում հասարակ քաղաքացիներին հնարավորություն է տրվել մասնակցել մունիցիպալիտետի բյուջետավորման ընթացքին։ Նախագծի համաձայն՝ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի, որը գրանցված է և (կամ) փաստացի բնակվում է Ախալքալաք քաղաքի տարածքում, կարող էր առաջարկել մունիցիպալիտետի ընդհանուր բարօրության զարգացմանն ուղղված գաղափար։ Նախաձեռնության բյուջեն չպետք է գերազանցի 30000 լարին։

Jnews-ը փորձեց պարզել, թե Ախալքալաքում քանի՞ նախագիծ են ներկայացրել քաղաքացիները։ Ինչպես մեզ հայտնեցին Սամցխե-Ջավախքում և Քվեմո Քարթլիում ծրագրի համակարգող Օլգա Էնդելաձեն և «Քաղաքացիական հասարակության ձևավորման աջակցության կենտրոնի» (SCCSF) Սամցխե-Ջավախեթի գործընկեր կազմակերպության ներկայացուցիչ Նինո Ռուխաձեն, Ախալքալաքում և Նինոծմինդայում ներկայացվել է 4-ական նախագիծ։

Ախալքալաքի քաղաքապետարանից հաստատեցին, որ քաղաքացիներից 4 դիմում են ստացել։ Բոլոր ներկայացված նախագծերը ենթակառուցվածքային են, այդ թվում՝ քաղաքային ժամացույցը, ինտերակտիվ բիլբորդը, Փարվանա գետի մոտ լողափի կազմակերպումը և Ախալքալաք քաղաք տանող ճանապարհին դիտահարթակը։

Թե որ նախագիծն է ընտրվելու, դեռ հայտնի չէ, բայց նախագիծը պետք է ընտրեն քաղաքացիները։ Օլգա Էնդելաձեի խոսքով, նախ պետք է խորհուրդ կազմվի նախագծերը քննարկելու համար, որից հետո տեղի է ունենում վերիֆիկացում՝ քաղաքապետարանի աշխատակիցները պետք է կապ հաստատեն հեղինակների հետ և հետադարձ կապ տալ նախագծի վերաբերյալ: Դրան հաջորդելու է համընդհանուր քվեարկությունը։

Ծրագիրն իրականացվում է «HEKS-EPER Georgia» կազմակերպության կողմից՝ Սամցխե-Ջավախքում իր գործընկերոջ՝ Քաղաքացիական հասարակության ձևավորման աջակցության կենտրոնի (SCCSF) աջակցությամբ:

Սամցխե-Ջավախքում ծրագիրն իրականացվում է երեք մունիցիպալիտետներում՝ Ախալքալաքում, Նինոծմինդայում և Ախալցիխեում:

Քաղաքացիական բյուջեի կատարման հիմնական նպատակն է բնակչությանը ներգրավել քաղաքի կառավարման կամ շրջանի կառավարման գործընթացներում։ Այն թույլ է տալիս քաղաքացիներին ինքնուրույն որոշել, թե ինչպես օգտագործել և բաշխել տեղական բյուջեի գումարները: