Այսօր, ժամը 13:00-ին Ախալքալաքի Շրջանային վարչության դահլիճում տեղի ունեցավ խորհրդարանի պատգամավորների հանդիպումը Ախալքալաքի բնակչության հետ:
Հանդիպմանը ներկա էին տնտեսական քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամներ Դավիթ Ճիճինաձեն ու Իրակլի Աբուսերիձեն, խորհրդարանի պատգամավոր, Մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի անդամ Ռուսլան Պողոսյանը, ինչպես նաև Ախալքալաքի խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանը և Սամվել Մանուկյանը: Ինչպես նաև ներկա էին մասնագետներ` Էկոնոմիկայի նախարարությունից և զբոսաշրջության Դեպարտամենտից: Հանդիպմանը ներկա էին նաև տեղի ղեկավարները:
Պատգամավորների այցի նպատակն էր լսել շրջանի խնդիրները, որոնք կուտակվել են, քննարկել դրանք և հասցնել համապատասխան մարդկանց և մարմիններին:
Դահլիճում նստածները շատ ակտիվ էին: Մարդկանց հարցերը տարբեր բնագավառներից էին: Հարցերի մեծ մասը կապված էր գյուղատնտեսական նշանակության հողերի խնդիրների հետ: Հավաքվածներին հետաքրքրում էր Ախալքալաքում զբոսաշրջության զարգացման հարցերը: Բարձրացվեց բանկային վարկերի բարձր տոկոսադրույքների խնդիրը: Կային հարցեր կրթության խնդիրների վերաբերյալ, մշակաբույսերի ապահովագրության ոչ շահավետ պայմանների, գյուղական ճանապարհների ասֆալտապատման անհրաժեշտության, սպորտի, և շատ այլ հարցեր:
Հնչեցին նաև հստակեցված հարցեր: Մարդիկ խոսեցին կոնկրետ խնդրի մասին կամ սեփական, կամ գյուղի, կամ կոնկրետ դպրոցի: Հետաքրքրվեցին նաև արտադրանքի պիտակավորման (բրենդինգի) հնարավորության մասին, որին Դավիթ Ճիճինաձեն պատասխանեց, որ անցյալ շաբաթ ընդունվել է նման օրենք:
Հանդիպումից հետո Դավիթ Ճիճինաձեն, մեկնաբանելով հանդիպումը, ասաց.
«Հարցերը պետք է խմբավորվել մի քանի ուղղություններով, և մեր այցի ամենից գլխավոր նպատակը այստեղ այն է, որ լինի կապ, ունենանք հարաբերություն, որպեսզի հայտնաբերվի այն ինտեգրումը մեր միջև, որը, իրոք, գոյություն ունի մեր երկրում, և չգիտես ինչու վերջին տարիներին անհետացել է: Ես ուզում եմ վերականգնել այն, և որ ամենակարևորն է, որ մարդկանց մոտ հավատ առաջանա կենտրոնական իշխանության հանդեպ, ոչ միայն ընտրությունների ժամանակ, այլ նաև ընտրություններից հետո, և մենք միասին կլուծենք խնդիրները », – ասաց Դավիթ Ճիճինաձեն:
Պատգամավորները խոստացան այցելել մեկ ամսից, այսօր հնչած հարցերի վերաբերյալ պատասխաններով:
Շուշան Շիրինյան