Ավարտվել է նախագիծը, որի շրջանակներում Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներն արդեն ունեն պաշտոնական կայքեր։ Թեև Ախալքալաքի կայքից դեռևս բացակայում են բազմաթիվ ծառայություններ, և կայքը, ինչպես և ենթադրվում էր, չի թարգմանվել հայերեն և անգլերեն:

Դեկտեմբերի 20-ին գործարկվել են Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների պաշտոնական վեբ-կայքերը։ Ախալքալաքի և Նինոծմինդայի պաշտոնական ինտերնետային կայք-էջերը ստեղծվել և գործարկվել են «Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների ինքնակառավարման թափանցիկության և հաշվետվողականության բարելավում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Ախալքալաքի մեծահասակների կրթության կենտրոնի» շրջանակներում՝ Քաղաքացիական հասարակության նախաձեռնության (STAR նախաձեռնություն), Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Կայքերը ստեղծվել են Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում Տեղական ինքնակառավարման ինդեքսով նախատեսված չափանիշների կատարմանը նպաստելու համար:

«Ծրագրի նպատակն էր օգնել մունիցիպալիտետում։ Այս տարեվերջին հայտնի կդառնան մունիցիպալիտետների թափանցիկության գնահատման արդյունքները։ Երբ մենք վերլուծում էինք, թե ինչու են մունիցիպալիտետները զրոյական տոկոսներ (նախորդ գնահատականների ժամանակ) ստացել, պատճառներից մեկն այն էր, որ թափանցիկություն չկար և այլն։ Պարզվեց, որ կայք չկար, PR-ը չէր աշխատում, նույնիսկ այն կայքը, որը կար, չէր համապատասխանում պետական դոմենին։ Այդ կայքը պաշտոնականը չէր համարվում։ Այդ իսկ պատճառով մենք ստեղծեցինք նոր կայք»,- ասում է ծրագրի ղեկավար Մախարե Մացուկատովը։

Այսօր տրամադրված կայքի բոլոր երեք լեզուների (վրացերեն, հայերեն և անգլերեն) ինտերֆեյսը միայն վրացերեն է։ Նաև կայքի ինտերակտիվ մասը չի աշխատում։ Շատ հաճախ կայքը շարքից դուրս է գալիս: Չնայած դրան, նախագծի հեղինակները հույս ունեն, որ կայքի առկայությունը կնպաստի Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների առաջխաղացմանը մունիցիպալիտետների թափանցիկության ինդեքսի վարկանիշում:

«Այս փուլում կարող եմ ասել, որ ինչ-որ չափով մենք օգնել ենք, որ ինդեքսում որոշակի պլյուս ունենան։ Մենք ստեղծել ենք լավագույն կայքերից մեկը ողջ Վրաստանում, ամենաժամանակակից դիզայնը, և որոշ մունիցիպալիտետներ արդեն կապվում են մեզ հետ և օրինակ վերցնում Ախալքալաքից և Նինոծմինդայից: Այժմ ամեն ինչ կախված է մունիցիպալ իշխանություններից, հիմնականում՝ քաղաքապետարանից։ Որպեսզի նրանք այնտեղ տեղեկատվություն մուտքագրեն, և ամեն ինչ երեք լեզվով լինի»,- ասում է Մախարե Մացուկատովը։

«Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների ինքնակառավարման թափանցիկության և հաշվետվողականության բարելավում» ծրագիրն իրականացվել է 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2023 թվականի մարտի 31-ը։ Նախաձեռնության նպատակն էր ամրապնդել քաղաքացիական հասարակությունը՝ որպես անկախ, կայուն, թափանցիկ և հաշվետու սուբյեկտ ողջ Վրաստանում։ Ծրագրի հաջող իրականացումը կնպաստի թափանցիկ, հաշվետու և պատշաճ կառավարման սկզբունքների հիման վրա տեղական ինքնակառավարման ձևավորմանը, ինչպես նաև քաղաքացիների մասնակցությունը տեղական ինքնակառավարման իրականացման գործընթացում։