Ախալքալաքի մուտքի մոտ գտնվող քաղաքի այցեքարտը դարձած Փարվանա գետի կամուրջ-վագոնը, գետի ուղղությունը փոխելու արդյունքում, ջրի տակ չի մնա: «Աիսի» ՍՊԸ-ն, որը Փարվանա գետի վրա կառուցում է երկու հիդրոէլեկտրակայան, պարտավորվում է վերանորոգել վագոնը:
Jnews- ը հունիսի 3-ին իր հրապարակված «Հիդրոէլեկտրակայանի և նոր ճանապարհի կառուցումը ժայռերի միջով» հոդվածում գրել էր, որ, հնարավոր է, հիդրոէլեկտրակայանի կառուցման արդյունքում Ախալքալաքի խորհրդանիշ դարձած վագոն-կամուրջը, որը զբոսաշրջիկների համար նաև Ախալքալաքի այցեքարտն է համարվում, ջրի տակ հայտնվի: Հիդրոէլեկտրակայանի կառուցման արդյունքում Ախալցիխե-Նինոծմինդա մայրուղու մոտ 1350 մ ճանապարհը կկառուցվի գոյություն ունեցող ճանապարհը շրջանցելով, ժայռերի միջով, գոյություն ունեցող ճանապարհից 15 մետրով բարձր: Վագոնը գտնվում է հենց այս ճանապարհահատվածի մոտ:
Կամուրջ-վագոնը կառուցվել է Քուռ գետի վտակի վրա, Ախ ալցիխե – Ախալքալաք մայրուղու կողմից 80-ականների վերջին: Կամուրջն օգտագործվել է որպես ռեստորան, այնուհետև լքվել է: Այն երկար ժամանակ չի օգտագործվել, ներսում անցքեր են գոյացել:
Մինչդեռ այս վայրն իր յուրահատկությամբ գրավում է բոլոր անցնող զբոսաշրջիկների ուշադրությունը:
Նյութի հրապարակումից հետո՝ հունիսի 4-ին, «Աիսի» ՍՊԸ ընկերությունից տեղեկացրեցին, որ վագոնը ջրի տակ չի մնա, այլ, ընդհակառակը, կնորոգվի:
Մեջբերում ենք «Աիսի» ՍՊԸ-ից ստացված նամակի տեքստը ամբողջովին և անփոփոխ.
«Նյութում արտահայտված այն կարծիքը, որ այն հատվածը, որտեղ գտնվում է «վագոն» կամուրջը, հեղեվելու է, և, հետևաբար, կամուրջը ջրի տակ է հայտնվելու, չի համապատասխանում իրականությանը: Տարածքում հեղեղում չի նախատեսվում: Ինչ վերաբերում է կամրջին, որն Ախալքալաքի ինքնատիպ այցեքարտն է, ընկերությունը նախատեսում է այն վերանորոգել և արդիականացնել: Այս նախաձեռնությամբ ընկերության ղեկավարությունն արդեն դիմել է խորհրդի նախագահ Նաիրի Իրիցյանին », – ասված է հաղորդագրության մեջ: