Ախալքալաքի չորս դպրոցների շրջանավարտներ այսօր՝ ապրիլի 19-ին, «Վերջին զանգի» միջոցառումը թույլատրելու խնդրանքով դիմել են կրթական ռեսուրս- կենտրոնին և Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանին: Նրանք համաձայն են միջոցառումն անցկացնել որոշակի սահմանափակումներով, գլխավորը՝ չարգելեն:
Այսօր՝ ապրիլի 19-ին, առավոտյան, այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ այս տարի, դպրոցներում «Վերջին զանգի» միջոցառումը կանցկացվի առցանց, Ախալքալաքի չորս դպրոցների շրջանավարտները հավաքվեցին ու գնացին Կրթական ռեսուրս-կենտրոն թույլտվություն խնդրելու այս միջոցառումը, թեկուզ սահմանափակումներով անցկացնելու համար:
Շրջանավարտների խոսքերով, Ախալքալաքի Կրթական ռեսուրս-կենտրոնը փակ էր, քանի որ նրանք աշխատում են առցանց: Ախալքալաքի ռեսուրս-կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մանուչար Միքելաձեն շրջանավարտներին ասաց, որ իրենք կարող են միջոցառումն անցկացնել առցանց: Հետո նրանք խնդրանքով դիմեցին քաղաքապետ Յուրիկ Ունանյանին, բայց նա ասաց, որ ինքը ոչ մի կերպ չի կարող օգնել, անհրաժեշտ է դիմել Կրթության նախարարութուն:
«Մենք ուզում ենք, որ մեզ պաշտոնապես թույլ տան անցկացնել փոքրիկ միջոցառում, գոնե միայն աշակերտներով և ուսուցիչներով: Մենք ամեն օր միմյանց տեսնում ենք և նստում նույն սենյակում, գոնե յուրաքանչյուր դասարան առանձին-առանձին անցկացնի միջոցառումը», – ասաց շրջանավարտներից մեկը:
Դպրոցականները շատ հուսահատված են, նրանք արդեն երկու ամիս է փորձ են անում և հույս ունեին, որ իրենց «Վերջին զանգը» տեղի կունենար:
«Վերջին զանգի վալսի պատճառով ես 9-րդ դասարանից դուրս չեկա, այլապես դպրոց գնալն ավելորդ էր, քոլեջ չգնացի, իսկ հիմա թույլ չեն տալիս այս միջոցառումն անցկացնել: Մենք 12 տարի սովորել ենք դասընկերների հետ վալս պարելու հույսով: Գոնե դիմակներով, հեռավորության պահպանումով, թողնեն», – ասաց մեկ այլ շրջանավարտ:
«Ինչպես թե արգելված է, մենք ամեն օր երկու ամիս պարապում էինք, սովորում էինք, ես նույնիսկ բանաստեղծություն եմ սովորել այդ միջոցառման համար», – ասում է մեկ այլ շրջանավարտ:
Նշենք, որ այս տարի Ախալքալաքի թիվ 1, թիվ 3 և 5 դպրոցները ունեն մեկական ավարտական դասարան, թիվ 2 և 4 դպրոցներն ունեն երկուական ավարտական դասարան: