Ախալքալաք-Կարծախ մայրուղին, որը Վրաստանը Թուրքիային կապող ճանապարհներից մեկն է, նաև Ախալքալաքի շրջանի մի քանի գյուղերը քաղաքին կապող միակ միջոցն է: Բեռնատարների մեծ հոսքով պայմանավորված Ախալքալաք-Կարծախ ճանապարհը երկար ժամանակ միակողմանի փակ էր: Այժմ ճանապարհը բաց է, բայց այստեղով երթևեկելը տհաճություն է առաջացնում, քանի որ ճանապարհի ամբողջ երկյանքով աղբ է կուտակված:

Ճանապարհի հարևանությամբ գտնվող վարելահողերն ամբողջովին աղբով են պատված: Գյուղացիները կատակով ասում են՝ այս տարի առատ է պոլիեթիլենի «բերքը»:

«Քամին, թափառող շները տարածում են աղբը: Հազար ու մի վարակ, հիվանդություն կարող է տարածվել, վիճակը գնալով վատանում է: Իսկ աղբամանների թիվը չի ավելանում», – նշում է Սուլդա գյուղի բնակիչ Գևորգ Ջանոյանը՝ ավելացնելով, որ աղբից բացի իրավիճակը բարդ է նաև երթևեկության տեսանկյունից: Նեղ ճանապարհն ու միակողմանի երթևեկությունը վթարի պատճառ կարող են դառնալ:

Գևորգ Ջանոյանի կարծիքով, ստեղծված իրավիճակից միակ ելքը ճանապարհի երկայնքով աղբամաների թվի ավելացումն ու ճանապարհի լայնացումն է:

«Ճիշտ է մեր գյուղը մայրուղու վրա չէ, բայց մենք այդ ճանապարհով ենք անցուդարձ անում: Մի քանի ամիս է գյուղում չէի, երբ վերադարձա միակ զգացողությունը, որ ունեցա տհաճություն էր, վիճակը շատ վատ է, նման կերպ շարունակվել չի կարող, սա վատ հետևանքներ կունենա մեր հայրենիքի բնության և տեղացիներիս առողջության վրա: Պետք է վերսահսկողություն սահմանել ու տուգանել նրանց, ովքեր կեղտոտում են մեր բնությունը», – նշում է Խավեթ գյուղի բնակիչ Սերոբ Կարապետյանը:

Կուտակված աղբն արդեն գարնանը լուրջ վնաս կարող է հասցնել շրջակա գյուղերի անասնապահության վրա ևս: Սուլդա գյուղի բնակիչ Գերասիմ Վարդիկյանի խոսքով, քամին բավականին ընդարձակ տարածության վրա աղբ է տարածել: Գարնանը, երբ անասուները տանեն արածելու, նրանք ուտելու են այդ աղբը, որից հետո անասուները կամ կհիվանդանան, կամ կսատկեն:

«Ճանապարհը պարբերաբար փակվում է, աղբի քանակն ավելանում: Գարնանը, երբ անասուները տանենք արածացնելու, նրանք ուտելու են այդ աղբը, որից հետո կամ լուրջ կհիվանդանա անասունը կամ կսատկի, մեր ապրուստի միջոցը դա է: Իրենք եկան թափեցին ու գնացին: Հասկանում ենք, որ միջպետական ճանապարհ է, ու բեռնատարները պետք է երթևեկեն, բայց խնդրում ենք, որ քայլեր ձեռնարկեն նման իրավիճակներից խուսափելու համար»,- ասում է Գերասիմ Վարդիկյանը:

Ախալքալաք-Կարզախ մայրուղին գտնվում է «ՋավախԱվտոԳզա» ընկերության պատասխանատվության գոտում: Ընկերության տնօրենի խոսքով, տարածքը աղբից մաքրելը իրենց պարտավորություների մեջ չի մտում:

«Ճիշտ է ճանապարհը մեր պատասխանատվության տակ է, բայց մեր գործը ճանապարհի հարթեցումն ու բարեկարգումն է, ոչ թե աղբահանությունը: Ամեն մի մեքենայի հետևից մաքրել չենք կարող, իրենց երկիրը չէ անխնա կեղտոտում են, որ երկրում կա նման բան: Պատկան մարմինները պետք է վերահսկողություն սահմանեն, մեկ երկուսին տուգանեն, որ չկեղտոտեն: Պարբերաբար խցանումներ են լինում և վարորդները աղբը թափում են ամենուր: Մենք ոչ մի բան անել չենք կարող, գոնե մեզ իրավունք տան վերահսկողություն սահմանելու ու վարորդներին տուգանելու, մենք էլ կամ տեսախցիկներ կտեղադրենք կամ մարդկանց կնշանակենք, որ հսկեն ճանապարհը», – ասում է «ՋավախԱվտոԳզա» ընկերության տնօրեն Նոդար Ինսարիձեն: