Քննարկվում է Բաքու-Թբիլիսի-Անկարա արագընթաց մարդատար գնացքի գործարկման հնարավորությունը, այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Ադրբեջանի երկաթուղիների ուղեւորափոխադրումների վարչության պետ Ազեր Փարաջովը, հայտնում է BM.ge բիզնես պորտալը։
Դեռ անցյալ տարվա օգոստոսին Թբիլիսիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել է Բաքու-Թբիլիսի-Կարս ճանապարհով ուղիղ, երկաթուղային ուղեւորափոխադրումների հարցը։ Այն ժամանակ Թուրքիայի տրանսպորտի նախարար Ադիլ Կարաիսմայիլօղլուն ասել էր. «Մենք միշտ հաշվի ենք առնում ապրանքների փոխադրումը։ Ինչո՞ւ չմտածել ուղևորափոխադրումների մասին, երբ առաջիկա տարիներին անհրաժեշտ ենթակառուցվածքները լինեն»:
Բաքու-Թբիլիսի-Կարս երթուղու երկարությունը կազմում է 829 կմ, որից 504 կմ-ն անցնում է Ադրբեջանի տարածքով, 246 կմ-ը՝ Վրաստանով, 79 կմ-ը՝ Թուրքիայի տարածքով։ Ադրբեջանը նախաձեռնել է վերակառուցումը, որը կավարտվի 2024 թվականին։
Նշենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին պաշտոնապես բացվել է 2017 թվականին, սակայն վերջնական շինարարությունը դեռ չի ավարտվել։ Պարբերաբար տեղեկություններ են տարածվել ուղեւորափոխադրումների մասին։ Մի անգամ նույնիսկ փորձնական մարդատար գնացք գործարկվեց, բայց ուղևորափոխադրումները դեռ չեն իրականացվում: