Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն այսպես կոչված «Կանաչ անձնագրերը»: Այս մասին կառավարությում կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Դեկտեմբերի 1-ից գործի կդրվի այսպես կոչված կանաչ անձնագրի հայեցակարգը և կընդլայնվի դրա շրջանակը: Ինչ է նշանակում կանաչ անձնագիր: Անձը կանաչ կարգավիճակ ունի, եթե ամբողջությամբ պատվաստվել է՝ երկու դեղաչափով, ունի 72-ժամյա վավերականության «PCR» թեստ, 24-ժամյա վավերականության հակամարմինների թեստ, կամ վարակվել է կորոնավիրուսով։

Կցանկանայի պարզաբանում տալ, կարծիք կար, որ պետք է լինի վեցամսյա սահմանափակում կորոնավիրուս հաղթահարած անձանց համար, բայց իմ առաջարկությունն էր՝ հանել այս սահմանափակումը, և խորհուրդը կիսեց իմ առաջարկը։ Հետևաբար, կորոնավիրուսով վարակված անձը կունենա կանաչ կարգավիճակ։

Կանաչ անձնագրի պահանջը կտարածվի 18 տարեկանից բարձր քաղաքացիների, ինչպես նաև զբոսաշրջիկների վրա։

Մեր խորհրդի որոշմամբ քաղաքացիները կարող են մուտք գործել տարբեր օբյեկտներ միայն կանաչ անձնագրի սկզբունքով։ Դրանք են սննդի կետերը, ժամանցի կենտրոնները, ժամանցի օբյեկտները, կինոթատրոնները, օպերան, թանգարանները, համերգասրահները»,- հայտարարել է երկրի վարչապետը։