Ախալքալաքի մունիցիպալիտետի Չունչխա և Պտենա գյուղերի գազաֆիկացման գործընթացը շարունակվում է։ Մայրուղային գազատարը բերվել է գյուղ, աշխատանքներ են տարվում բաժանորդների գազաֆիկացման ուղղությամբ։ Աշխատանքներն իրականացնում է SOCAR-ը։ Այս գյուղերի բնակիչները, բնակարանների գազաֆիկացման և գազաբաշխիչ ընկերությունից այլ ծառայություններ ստանալու համար, ստիպված կլինեն մեկնել Ախալցիխե։

Մեկ ամսից ավելի է, ինչ ընթանում է Չունչխա և Պտենա գյուղերի գազաֆիկացումը։ Յուրաքանչյուր տան մոտ տեղադրված են հաշվիչների համար արկղեր։ Գյուղի մեջ մայրուղային գազատարն անցկացվել է ստորգետնյա։ Ընկերությունը սկսել է Պտենա գյուղի բաժանորդների գազաֆիկացումը։ Գյուղի 15 բնակչի տուն արդեն գազն անցկացվել է։ Գյուղ կատարած մեր այցելության ժամանակ աշխատողներին չտեսանք, նրանք հանգստանում էին այդ օրը։

Բնակիչները դիմում ներկայացնելու համար մեկնում են Ախալցիխե: Դեռ ընկերությունը տներում մեկական կետ է անցկացնում, այն բնակիչների վրա նստում է 400 լարի։ Այն բնակիչները, ովքեր չեն կարող միանգամից վճարել գազիֆիկացման համար, կարող են ապառիկ վճարել:

«Բնակիչները պետք է վճարեն 400 լարի կամ վարկ վերցնեն և 17 ամսվա ընթացքում, ամեն ամիս վճարեն 25 լարի։ Դեռ յուրաքանչյուրին մեկական կետ են անցկացնում, հետո եթե ցանկանան երկրորդն անցկացնել, պետք է դիմում գրեն, աշխատողները կգան, գումարը կհաշվարկեն և երկրորդ կետը կմիացնեն։ Իհարկե, գազն ավելի լավ է, վերջապես մարդիկ կազատվեն վառելափայտից, ծխից ու հոգսերից։ Աշխատանքները մինչև ձմեռ կավարտվեն»,- ասաց Չունչխա գյուղի քաղաքապետի ներկայացուցիչ Գիորգի Զարիձեն։

Պտենա և Չունչխա գյուղերում ապրում է 150 ընտանիք։

Գազն արդեն հասել է Գոչա Շավաձեի տուն: Նրանք շատ ուրախ են դրա համար։

«Ես 200 լարի եմ վճարել, մնացածը վարկով եմ վճարելու։ Դեռ մեկական կետ են բերում տուն, հետո կգան, կհաշվարկեն, թե ինչ կարժենա երկրորդ կետը»,- ասաց Գոչա Շավաձեն Պտենա գյուղից։

Մինչև Գոդերձի Խոզրեւանիձեի տուն գազատարը հասցվել է, սակայն դեռ տուն չի տարվել։ Նրանք անհամբեր սպասում են իրենց տան գազաֆիկացմանը։

Բնակիչները սպառած գազի բաժանորդավճարը վճարելու են Ախալքալաքի բանկերում, կամ առցանց՝ SOCAR-ի հաշվեհամարին, սակայն գազիֆիկացման դիմումներն ընդունվում են Ախալցիխեում՝ ընկերության գրասենյակում։ Բնակիչները դեռ չեն մտածում, ֆիզիկական ներկայություն պահանջող, յուրաքանչյուր ծառայության համար, Ախալցիխե գնալու անհարմարության մասին, քանի որ գազաֆիկացման փաստից շատ ուրախ են և ասում են, որ դա խնդիր չէ, կնստեն երթուղային ու կգնան։

gaz ptena

Նշենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի Չունչխա և Պտենա գյուղերի գազիֆիկացման կենտրոնական գազատարը պետական ծրագրով իրականացվել էր 2019-2020 թվականներին, սակայն գազը բաժանորդներին չէր հասցվել, մայրուղային գազատարն արդեն շարքից դուրս էր գալիս։
Երեք տարվա լճացումից և անորոշությունից հետո այս տարի SOCAR-ը հանձն առավ կենտրոնական խողովակաշարից Չունչխա և Պտենա գյուղերի բաժանորդներին բնական գազի բաշխման գործընթացի կատարումը։

Չունչխա և Պտենա գյուղերի գազիֆիկացման երկրորդ փորձը