Ախալքալաքի մունիցիպալիտետի Չունչխա և Պտենա գյուղերի գազաֆիկացման համար, 2019-2020 թվականներին, պետական ծրագրով իրականացվեց կենտրոնական գազատարի կառուցումը, սակայն գազը բաժանորդներին չհասավ, մայրուղային գազատարն արդեն շարքից դուրս է եկել։ Այս տարի վերսկսվել են այս գյուղերի գազիֆիկացման աշխատանքները։
Երեք տարվա լճացումից և անորոշությունից հետո, SOCAR-ը հանձն առավ իրականացնել բնական գազի բաշխումը կենտրոնական խողովակաշարից Չունչխա և Պտենա գյուղերի բաժանորդներին: Արդեն մեկ շաբաթ է իրականացվում են մայրուղային գազատարի վերանորոգման աշխատանքները, շուտով կսկսվեն բաժանորդներին գազ անցկացնելու աշխատանքները։
«Այժմ ընթանում են վերանորոգման աշխատանքներ։ Տեղ-տեղ քարերը թափվել են խողովակի վրա ու փչացրել, հիմա այնտեղ աշխատում են։ Խոսեցի աշխատողների հետ, ասացին, որ 2 օրվա աշխատանք կա, հետո կսկսվեն ամբողջ կենտրոնական մայրուղու վերականգնողական աշխատանքները, ու հետո նոր բաշխման աշխատանքները»,- ասաց Չունչխա գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Գիորգի Զարիձեն։
Չունչխա գյուղում ապրում է 80 ընտանիք, Պտենա գյուղում՝ մոտ 70 ընտանիք։ Գյուղը սպասարկելու է Ախալցխայի գազատար ցանցը։
Գիորգի Զարիձեի խոսքով, հաշվիչի տեղադրումն ու դեպի տուն գազատարի անցկացումը յուրաքանչյուր բաժանորդի վրա կարժենա 400 լարի, իսկ տան կետերը առանձին վճարում կլինեն։
Կենտրոնական գազատարը կառուցվել է պետական ծրագրով՝ 2019-2020 թվականներին։ Այս Երեք տարվա ընթացքում այն քայքայվել է, տեղ-տեղ խողովակներն անջատվել ու ընկել են։ Բաշխումը պետք է կատարեին մասնավոր ընկերությունները, բայց ոչ ոք չցանկացավ ստանձնել այդ աշխատանքը, քանի որ ասում էին, որ կենտրոնական մայրուղին անորակ է կառուցված:
Մայրուղային գազատարն այս երեք տարիների ընթացքում գտնվում էր էկոնոմիկայի նախարարության հաշվեկշռում։
Ջավախքի բաժանորդներին բնական գազ տրամադրում է SJGC-ն ընկերությունը: Սակայն այս ընկերությունը չի կարող սպասարկել այս գյուղերը։ Գազաբաշխիչ ընկերության տնօրեն Վրեժ Բերիկյանը, համարյա մեկ տարի առաջ․ Jnews-ին ասել էր, որ գազատարը միացված չէ Ջավախքի գծին։ Չունչխա և Պտենա գյուղերը գազով ապահովելու համար կենտրոնական գիծը պետք է անցկացվեր Դիլիսկից։
Չունչխա գյուղը գազաֆիկացվել է պետական ծրագրով, սակայն գազն այդպես էլ չի հասել հասցեատիրոջը