Այսօր Վաչիան գյուղի բնակիչները իրենց դպրոցի տնօրենի նշանակման բողոքով ներկայացան տեղական իշխանությանը։

Վաչիանցիների բողոքը լսելու հավաքվել էին Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ` Հենզել Մկոյանը և Սամվել Մանուկյանը, շրջանի Վարչության ղեկավար Էդուարդ Աղասարյանը, Շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը և կրթական ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանը։

Թվով մոտավորապես 70 վաչիանցու հուզող հարցերն էին. թե ինչո՞ւ դպրոցի տնօրեն նշանակվել է ոչ իրենց համագյուղացի, ինչո՞ւ 7 ամիս դպրոցը տնօրեն չուներ, սակայն անմիջապես ընտրություններից հետո, նախարարը անգամ մանդատը չստացած, դպրոցում նշանակվեց տնօրեն։

«Ես զանգահարել եմ նախարարին (հեղ. Ալեքսանդր Ջեջելավա), ով ասաց, որ ինքն էլ է ուզում, որ տնօրենը լինի տեղացի, բայց այդ ամենը կորոշվի հարցազրույցի ընթացքում։ Ես նախարարի հետ նույն խնդրի վերաբերյալ զրուցել եմ նաև շաբաթ օրը՝ Քութաիսիում և ասել, որ գյուղացիները դեմ են նորընտիր տնօրենին և պահանջում են, որ տնօրենը լինի իրենց համագյուղացի։ Նախարարը խոստացավ, որ մոտակա 3 օրվա ընթացքում անպայման մեզ կասի հնարավոր տարբերակների մասին», – ասաց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը:

Հենզել Մկոյանը գյուղացիների հետ քննարկեց նաև այն տարբերակը, թե ինչու են բացառում նորընտիր տնօրենի դրական ազդեցությունը դպրոցի և աշակերտների վրա, սակայն վաչիանցիները միաբերան պնդում էին, որ տնօրենը պետք է լինի գյուղի բնակիչ։

Իսկ գյուղացիների այն հարցին, թե ինչո՞ւ նախարարությունում, որպես դպորցի տնօրեն չեն ընտրել Վաչիան գյուղի բնակիչ Արևիկ Գաբրիելյանին, փորձեց պատասխանել Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանը՝

«Ես այդ հարցին հստակ պատասխանել չեմ կարող, որովհետև հարցազրույցին ներկա չեմ եղել։ Նախարարությունից ինձ միայն ասել են, որ Արևիկը ռուսերեն լեզվին տիրապետելու խնդիր ունի և պահանջել է թարգմանիչ, ուրիշ ոչինչ ես չգիտեմ»։

Լեզուների իմացության վերաբերյալ գյուղացիները նույնպես ներկայացրեցին բողոք, որը վերաբերվում էր նոր նշանակված տնօրենին։

«Ներկայիս տնօրենը ոչ հայերեն գիտի, ոչ էլ վրացերեն, եթե հայերեն դիմում ենք ուզում գրել, ինչպե՞ս է պատասխանելու, կամ կարդալու, ի վերջո հայկական դպրոց է», – ասաց Վաչիան գյուղի բնակիչ Քրիստը։

Հենզել Մկոյանը ներկաներին տեղեկացրեց նաև, որ Մարինա Չոմարյանը այժմ գտնվում է փորձաշրջանում, որը սովորաբար տևում է 3-ից 6 ամիս և այսօր կարիք չկա ժամանակից շուտ խուճապի մատնվելու։ Դիմելով գյուղացիներին, պատգամավորը նաև ասաց, որ կարիք չկա ճանապարհ փակելու, կամ երեխաներին դպրոց չուղարկելու, քանի-որ դա միայն ու միայն ի վնաս աշակերտներին կլինի։

Հանդիպումը սահմանափակվեց նրանով, որ իշխանության ներկայացուցիչները խնդրեցին գյուղացիներին դեռ ոչինչ չձեռնարկել, սպասել 3 ամիս, մինչև Մարինա Չոմարյանի փորձաշրջանի ավարտը և նախարարի հնարավոր պատասխանը, որը կլինի մոտակա օրերի ընթացքում։

Ջուլիետա Տոնականյան