Օգոստոսի 3-ի երեկոյան Վրաստանի Ռաճայի մարզի Օնիի մունիցիպալիտետի Շովի հանգստավայրում սողանք է եղել։ Փրկարարական աշխատանքների արդյունքում երկու դի է դուրս բերվել աղետի գոտուց, ինչպես նաեւ տարհանվել է մոտավոր 150 մարդ։
Ըստ ՆԳՆ-ի՝ այսօր առավոտյան տարհանումը վերսկսվել է։ Աղետի գոտում շարունակում են աշխատել մի քանի հարյուր փրկարարներ։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն ասել է, որ մինչ այժմ (10:02) չեն կարողացել կապ հաստատել Շովիում գտնվող 35 մարդու հետ։
Աղետի գոտուց օգոստոսի 3-ին ուղղաթիռներով տարհանվել է 70 քաղաքացի։ Ուշ գիշերը հայտնի դարձավ, որ ավելի քան 150 մարդ տեղափոխվել է անվտանգ տարածք և գտնվում է փրկարարների և ոստիկանների մոտ։
Շովիում սողանքին նպաստել է հորդառատ անձրևը։ Նախարար Կարսելաձեի խոսքով, հաշվի առնելով սողանքի աշխարհագրությունը՝ աղետի մասշտաբներն աննախադեպ են։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր կժամանի աղետի գոտի։