Վրաստանում բարձրագույն կրթություն ստանալ ցանկացող էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար գործում է «1+4» ծրագիրը, որը թույլ է տալիս նրանց մայրենի լեզվով հանձնել ընդհանուր ունակությունների քննությունը և սովորել նախընտրելի համալսարաններում: Սակայն այս ծրագրից բացառապես կարող են օգտվել Վրաստանի քաղաքացիները:
«1+4» ծրագիրը գործում է 2010 թվականից առ այսօր: Բուհ ընդունվելուց հետո ուսանողը մեկ տարի սովորում է վրացերենի ուսուցման ծրագրով, որն օգնում է խորացնել լեզվի իմացությունը, որպեսզի հաջորդ չորս տարիներին ուսանողը կարողանա սովորել բակալավրիատում:
Jnews-ը պարզել է, որ այս ծրագրից դուրս են մնում այն աշակերտները, որոնք ծնվել և ապրում են Ջավախքում, սակայն այլ երկրի քաղաքացիություն ունեն, նրանք չեն կարող ընդունվել Վրաստանի Բուհ-եր «1+4» ծրագրով: Այստեղ հարց է առաջանում, ինչ անել այդ դեպքում, եթե ցանկանում ես հայրենիքում շարունակել կրթությունդ, բայց վրացերենի ոչ բավարար իմացության պատճառով (որը երբեմն կրթական համակարգի բացթողումն է) ոչ քաղաքացիություն կարող ես ստանալ, ոչ էլ այլ քննություն հանձնել:
Գրիշա Ալմասյանը 12-րդ դասարանի աշակերտ է, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունի: Երկու անգամ դիմել է Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար, բայց երկու անգամն էլ մերժվել է: Վերջերս, նա իմանալով, որ Միասնական ազգային քննությունների գրանցումները սկսվել են, փորձել է գրանցվել, սակայն չի ստացվել: Կայքը, ինքըստինքյան արգելել է շարունակել գրանցման քայլերը, տեղեկացնելով, որ միայն Վրաստանի քաղաքացիություն ունենալու դեպքում է հնարավոր շարունակել:
«Ես ուզում էի կրթությունս շարունակել Վրաստանում, բայց քանի որ հնարավորություն չի տրվում «1+4» ծրագրի շրջանակներում ընդունվել համալսարան: Իսկ այլ տարբերակով չեմ կարողանա ընդունվել, քանի որ չունեմ վրացերենի բավարար իմացություն, իսկ բնակության մշտական իրավունքը հաստատող փաստաթղթով չեն թողնում մասնակցել քննությունների»:
Գրիշան փաստացի կանգնել է ընտրության առաջ՝ մնալ Վրաստանում առանց բարձրագույն կրթության, թե գնալ Վրաստանից, որպեսզի մասնագիտություն ունենա:
Jnews-ը այս հարցի շուրջ փորձեց պարզաբանումներ անել ծրագրի ղեկավար Կախա Կաբունիայից:
«Այդ ծրագիրը ստեղծված է կոնկրետ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար, ովքեր ուզում են իրենց կրթությունը շարունակել Վրաստանում, և պատադիր պայման է, որ նրանք ունենան Վրաստանի քաղաքացիություն, հակառակ պարագայում նրանք իրավունք չունեն «1+4» ծրագրով Վրաստանում Բուհ ընդունվել»:
Միաժամանակ, հավելելով, որ այլ քաղաքացիների համար գործում են կրթական այլ ծրագրեր, որոնք տարբեր համալսարաններում տարբեր են:
Չնայած այն հանգամանքին, որ օտար երկրի քաղաքացիների համար գործում են Բուհ ընդունվելու այլ ծրագրեր, միևնույն է՝ անհրաժեշտ է վրացերենի իմացություն: