Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությունը տրանսպորտային միջոցների սեփականատերերին կոչ է անում ժամանակին ապահովել դրանց մաքսային հայտարարագրումը։
«Եկամուտների ծառայությունը ևս մեկ անգամ պարզաբանում է, որ Վրաստանի գործող օրենսդրության համաձայն՝ Վրաստանի մաքսային տարածք ներմուծված և երկրում չգրանցված տրանսպորտային միջոցի մինչ գրանցման վայր կամ մաքսային հսկողության այլ գոտի առաքման ժամկետը կազմում է 60 օրացուցային օր», – հաղորդել են գերատեսչությունից։
Բացի այդ, ժամկետը կարող է երկարաձգվել ևս 30 օրով (օրը 5 լարի), իսկ Վրաստանի մաքսային տարածքից վերաարտահանման համար հայտարարված տրանսպորտային միջոցի դուրսբերման ժամկետը կազմում է 45 օրացուցային օր՝ հայտարարագրի գրանցումից հետո։
Ժամկետները չպահպանելը մաքսային իրավախախտում է, սակայն COVID-19 համավարակի ֆոնին Ֆինանսների նախարարությունը ավտոմեքենաների սեփականատերերին առաջարկել է որոշակի արտոնություններ։ Մասնավորապես, ի սկզբանե, մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը, Վրաստանի տարածք ներմուծված տրանսպորտային միջոցների մաքսազերծման վերջնաժամկետն էր սահմանվել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը։ Այնուհետ արտոնությունները կիրառվել էին այն մեքենաների վրա, որոնք Վրաստան էին մտել մինչև 2020 թվականի մայիսի 1-ը, իսկ մաքսազերծումը, արդյունքում, երկարացվել էր մինչև 2021 թվականի հունիսի 1-ը։
Դեռևս հաշվառման մեջ են մեքենաներ, որոնց մասով խախտվել են մաքսազերծման ժամկետները և չեն կատարվել հարկային պարտավորությունները։
«Մաքսային վարչությունը, հաշվի առնելով խախտումների խստությունը, առանձին իրավախախտների գործերը փոխանցել է քննչական մարմիններին»,- հայտնում են Եկամուտների ծառայությունից։
Վիճակագրության համաձայն՝ համավարակի ֆոնին, Վրաստանում ավտոմեքենաների ներմուծման աճը չի դադարել։ Մասնավորապես, 2019 թվականին հանրապետություն է ներկրվել 56 325 ավտոմեքենա, 2020 թվականին՝ 61 141 մեքենա, իսկ 2021 թվականին՝ 76 956 մեքենա։