Վրաստանի նախագահը կարծում է, որ հայտարարելով ԵՄ-ին անդամակցելու ցանկության մասին և միևնույն ժամանակ դրա համար ջանքեր չգործադրելով՝ իշխանությունները «երկակի խաղ» են վարում։
Սալոմե Զուրաբիշվիլին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է, որ Վրաստանում է գտնվում եվրախորհրդարանականների պատվիրակությունը՝ «նույն հանձնաժողովը, որն աշխատում է Վրաստանի հարցի շուրջ»։
«Այս պահին ինչ-որ անհավանական բան է տեղի ունենում, Բրյուսելի և Վաշինգտոնի մամուլի խոսնակները մեզ միաժամանակ ասում են՝ սովորեք ձեզ դրսևորել», – նախագահը հիշեցրել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի արձագանքն ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանի և իր առաքելությունն ավարտած ԵՄ դեսպան Կարլ Հարցելի քննադատությանը։
Զուրաբիշվիլին թվարկել է այն, թե ինչը, իր կարծիքով, կարող էր դառնալ պատճառ, որ Վրաստանը չստացավ ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակը:
«Ես չգիտեմ, թե որքան պետք է շարունակվի այստեսակ երկակի խաղը, որ մենք կարծես ուզում ենք գնալ դեպի Եվրամիություն, մենք ուզում ենք ստանալ այն, ինչը կոչվում է թեկնածուի կարգավիճակ, որը ստացան Ուկրաինան և Մոլդովան։ Միևնույն ժամանակ, մենք ոչ միայն չենք անում այն, ինչ պետք է անել, 12 կետերը [Եվրահանձնաժողովի հանձնարարականները]։ Դեռևս նկատելի չէ, որ բոլոր ուժերը պատրաստ են դրան։
Դրա հետ մեկտեղ, մենք հակառակ քայլեր ենք անում։ Սկսած նրանից, որ դեն նետեցին Շառլ Միշելի փաստաթուղթը (Եվրախորհրդի նախագահի ծրագիրը՝ ուղված Վրաստանի ապաբևեռացմանը), չեղյալ համարեցին տարվա ընթացքում ձեռնարկված բոլոր քայլերը, բավականին կոպիտ ձևով հրաժարվեցին ԵՄ վարկից։
Նրա խոսքով՝ «բոլորը շատ լավ տեսնում են, որ հակաարևմտյան հռետորաբանությունը շարունակվում է այն ժամանակ, երբ Ռուսաստանի նկատմամբ լռություն է տիրում»։
Նախագահը հիշեցրել է նաև իշխանությունների այլ քայլերը, որոնք ձեռնարկվել են արագացված կարգով և սուր քննադատության տեղիք են տվել Արևմուտքում՝ դատավորների նշանակումը, պետական տեսուչի պաշտոնի չեղարկումը։
«Այս վերջին մեկ տարվա ընթացքում ձեռնարկված ցանկացած քայլ բացասական է գնահատվում ԵՄ-ի կողմից։ Եվ միևնույն ժամանակ անհավանական հռետորաբանություն է ընթանում, այսինքն՝ մենք անվերջ հարձակումներ ենք լսում եվրոպացի խորհրդարանականների հասցեին»,- ընդգծել է Զուրաբիշվիլին։