Երեկ՝ հունիսի 13-ին, Սամցխե-Ջավախքում հորդառատ անձրևներն ու կարկուտը վնասել է ցանքատարածություններ, ճանապարհներ և կամուրջներ։ Ընդհանուր տուժել է 10-15 գյուղ, ամենաշատը՝ Լոմատուրցխ, Բարալեթ և Կաջո գյուղերը։

Ախալքալաքի քաղաքապետը Jnews-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ երեկվանից արդեն սկսել է շրջայցն այն գյուղեր, որտեղ բնական աղետը վնասներ է հասցրել։ Վերջինիս խոսքով, ամենաշատ տուժել են Կաջո, Լոմատուրցխ և Բարալեթ գյուղերը:

«Հենց հիմա գնտվում եմ Կաջո գյուղում, այստեղ ջրի ծավալն այնքան շատ է, որ ոչ մի աշխատանք հնարավոր չի տանել։ Երեկ գիշերվանից դուրսն եմ եղել, ժողովրդի հետ, տեսնենք, թե ինչպես կարող ենք օգնել բնակչությանը։ Օգնությունը կլինի այն տարածքներում, որտեղ վնասվել են ենթակառուցվածքները: Երկու ընտանիքի անասուններն են խեղդվել Կաջոյում, նկուղներում, որտեղ կարտոֆիլ է, կեսից ավել ջուր է լցվել, նմանատիպ դեպքերում կարող ենք օգնել։ Ինչ վերաբերվում է ցանքատարածություններին, ապա մենք ոչինչ չենք կարող անել, եթե ունեն ապահովագրություն, ապա պետք է դիմեն ապահովագրական ընկերությանը: Նման դեպքերում քաղաքապետարանը գումար չի հատկացնում», – ասաց Մելքոն Մակարյանը։

Խնդիրներ են առաջացել ոռոգման համակարգի կանալների, անցումային կամուրջների և գյուղամիջյան ճանապարհների հետ, այդ խնդիրների լուծմամբ էլ պետք է զբաղվի քաղաքապետարանը։

Բարձրադիր գյուղերից անձրևաջուրը լցվել է ցածրադիր գյուղեր, որն էլ կարկուտի հետ միախառնվելով մեծ վնաս է հասցրել բնակչությանը:

Հիմա շատ գյուղերում ջրամղիչ պոմպերով ջուրը քաշում են կարտոֆիլի ցանքատարածություններից։ Ներկա պահին այդպիսի աշխատանքներ են ընթանում Բարալեթ գյուղում։