Վրաստանի քաղաքացիական հասարակությունն արձագանքել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Քաղհասարակության կազմակերպություններն իրենց համերաշխությունն ու աջակցությունն են հայտնել հակամարտության բոլոր կողմերի՝ հակամարտությունից տուժած բնակչությանը, որոնց կյանքի վրա մեծ ազդեցություն են ունեցել 30 տարվա չլուծված կոնֆլիկտները:

Ըստ կազմակերպությունների՝ հակամարտությունների և պատերազմների արդյունքում խաղաղ բնակիչները կրում են ամենալուրջ և անդառնալի վնասները։ Նրանց խոսքով, զինված առճակատումներն ու չլուծված հակամարտությունները խլում են մարդկանց կյանքերը, առողջությունը, ամենօրյա անվտանգությունն ու ապագան։

«Մեզ համար՝ որպես խաղաղության և մարդու իրավունքների պաշտպանության վրա աշխատող դերակատարների, առաջնահերթությունը քաղաքացիական բնակչության կարիքների և շահերի պաշտպանությունն ու աջակցությունն է: Կարևոր է, որ միջազգային հանրությունը և հակամարտության մեջ ներգրավված կողմերը բանակցային գործընթացում առաջնահերթություն տան մարդասիրական և մարդու իրավունքների պաշտպանության շահերին և հեռանկարին»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Քաղհասարակությունը կարծում է, որ հակամարտությունից տուժած բնակչության իրավունքների պաշտպանությունը կարող է վստահության վերականգնման և հարաբերությունների կարգավորման նախապայման դառնալ։ Ըստ նրանց՝ կողմերը պետք է ձեռնպահ մնան հակամարտության հետագա սրացումից, ձեռնպահ մնան գործողություններից, որոնք ավելի կվնասեն առանց այն էլ փխրուն բանակցային միջավայրին և պաշտպանեն հակամարտություններից տուժածների արժանապատվությունը, իրավունքներն ու անվտանգությունը.

«Մենք կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում Ադրբեջանի իշխանությունները հատուկ պատասխանատվություն են կրում պաշտպանելու Լեռնային Ղարաբաղում բնակվող հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները։ Այն, թե ինչպես է Ադրբեջանը հաղթահարում այս մարտահրավերը, կազդի ընդհանուր տարածաշրջանի ժողովուրդների խաղաղության և հարաբերությունների վրա»:

Հայտարարությունը ստորագրող կազմակերպություններն են.

Սոցիալական արդարության կենտրոն,
Կովկասյան տուն,
Մարդու իրավունքների կենտրոն,
Խաղաղության և քաղաքացիական զարգացման կենտրոն,
Ժողովրդավարության հետազոտական ​​ինստիտուտ,
Հասարակություն՝ հանուն դրական փոփոխության:

Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերից փակ է պահում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը։ Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է, որը սրվել է հատկապես վերջին ամիսներին, երբ Ադրբեջանը ճանապարհին ապօրինի անցակետ է տեղադրել, այս պահին Կարմիր Խաչի միջոցով թույլատրվում է միայն ծանր հիվանդների տեղափոխումը։