Ապաբևեռացումը խթանելու համար կստեղծվի բևեռացման մոնիտորինգի խումբ՝ բոլոր խորհրդարանական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և միջազգային գործընկերների մասնակցությամբ: Այս մասին հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։

«Ապաբևեռացումը խթանելու նպատակով Վրաստանի խորհրդարանում բևեռացման մոնիտորինգի խումբ կստեղծվի՝ բոլոր խորհրդարանական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և միջազգային գործընկերների մասնակցությամբ, որը շաբաթական կտրվածքով հանրությանը կզեկուցի երկրում բևեռացման ներկա իրավիճակի և միտումների մասին»,- հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Ինչպես նշել է Կոբախիձեն, Եվրամիությունը 12 կետ է սահմանել՝ որպես Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելու նախապայման։

«Ուզում եմ հիշեցնել, որ նշված կետերի մեծ մասն ասոցիացիայի օրակարգի մասն են հանդիսանում, որը համաձայնեցվել է Վրաստանի և Եվրամիության միջև։ Իշխող թիմը կապահովի, որպեսզի ԵՄ-ի կողմից սահմանված 12 կետերը կատարվեն պատշաճ որակով, ժամանակին և համաձայն հետևյալ պլանի.

Առաջին կետը քաղաքական բևեռացումը նվազեցնելն է, որը պետք է դիտարկել որպես յուրօրինակ հիմք մնացած 11 կետերի արդյունավետ իրականացմանը։ Քաղաքական բևեռացումը մեր երկրի գլխավոր մարտահրավերներից է, որտեղ քաղաքական քննարկումը, պետական կարևորագույն հարցերի փոխարեն խառնված է հասարակության համար երկրորդական նշանակություն ունեցող թեմաների մեջ, որոնք ունեն նեղ քաղաքական կշիռ՝ տարբեր քաղաքական սուբյեկտների համար։ Այս իրողությունը փոխելու համար կարեւոր է նվազեցնել քաղաքական ուժերի միջեւ արմատական դիմակայությունը եւ ինքնատիպ մորատորիում հայտարարել ագրեսիվ հռետորաբանության նկատմամբ։

Մենք լիովին գիտակցում ենք այս հարցում մեր պատասխանատվությունը, նմանապես, ընդդիմությունը առաջիկա վեց ամիսների ընթացքում պետք է զերծ մնա նման հռետորաբանությունից, որը ենթադրում է իշխանության ներքին ու արտաքին լեգիտիմության չճանաչումը։ Նույնը վերաբերում է ԶԼՄ-ներին, որոնք, ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, հանդիսանում են Վրաստանում քաղաքական բևեռացման հիմնական աղբյուրներից մեկը, ինչպես նաև հասարակական կազմակերպություններին, որոնց մի զգալի մասն ուղղակիորեն ներգրավված է այս բևեռացված արշավում։

Դիտորդական խմբի աշխատանքի կազմը և ձևաչափը կհստակեցվի խորհրդարանական քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների հիման վրա։ Ապաբևեռացման առումով առանձնահատուկ նշանակություն կունենան միջազգային գործընկերների դիրքորոշումը, նրանց արդար և առողջ վերաբերմունքը բևեռացնող գործողությունների նկատմամբ։ Վրաստանի խորհրդարանի նախագահը կապահովի առաջին կետի կատարման համակարգումը»,- հայտարարել է Կոբախիձեն։

Նա նաև ասել է, որ ապաօլիգարխացման մասին օրինագիծը խորհրդարան կներկայացվի հոկտեմբերի 5-ից ոչ ուշ և կընդունվի նոյեմբերի 29-ից ոչ ուշ։