Ախալքալաքի Արդարադատության տան մենեջերի տեղի համար անցկացվում է մրցույթ: Շենքը շահագործման կհանձնվի այս տարվա գարնանը:
Ախալքալաքում Արդարադատության տան շինարարության աշխատանքները ձգձգվում են: Սկզբնական շահագործման ժամկետը նախատեսված էր 2016 թ.-ի հոկտեմբերի 16-ը, որից հետո ժամկետը երկարացվեց մինչ 2016 թ.-ի վերջ, հետո արդեն մինչ 2017 թ.-ի փետրվար: Իսկ այսօր Վրաստանի Արդարադատության տանը ասացին, որ շինարարությունը կավարտվի գարնանը:
Արդարադատության տան շինարարությունը իրականացնում է ՍՊԸ «Պրիզմա» ընկերությունը: Շենքի կառուցման համար հատկացվել էր 2 212 693 լարի:
«Ձմեռը շատ խիստ էր ու աշխատանքներ անհնար էր իրականացնել: Հնարավոր է գարնանը ավարտեն», – պատասխանեցին մեզ Արդարադատության տան մամլո ծառայությունում:
Ախալքալաքի Արդարադատության տանը կգործի ավելի քան 400 ծառայություն, որոնք ունեն մնացած Արդարադատության տները:
Կբացվեն նոր աշխատատեղեր: hr.gov.ge կայքում Արդարադատության տան մենեջերի թափուր աշխատատեղի համար, 1250 լարի աշխատավարձով, արդեն երկրորդ անգամն է հայտարարվում մրցույթ: Այս տեղի համար մրցույթ հայտարարվել էր նաև անցյալ տարի, սակայն անհայտ պատճառներով այն չկայացավ ու այժմ կրկին անգամ հայտարարվել է թափուր աշխատատեղի մրցույթ: Այլ թափուր տեղերի համար մրցույթ դեռ չի հայտարարված: Իսկ թե քանի այլ աշխատատեղ կբացվի մենք չկարողացանք պարզել, քանի որ Արդարադատության տան մամլո ծառայությունը վերջին 3-4 օրերի ընթացքում չի պատասխանում մեր հեռախոսազանգերին, չնայած որ խոստացել էին հստակեցնել այդ հարցը:
Շուշան Շիրինյան