«Հայկական գաթա» փառատոնին յուրաքանչյուր կին սեփական ձեռքերով պատրաստած Պահքի գաթայով էր ներկայացել:
«Հայկական գաթա» փառատոնը արդեն 4-րդ տարին է Միջինքին իր շուրջն է համախմբում Ջավախքի կանանց: Փառատոնը հերթական անգամ անցկացվեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում, որը ազդարարվեց տերունական աղոթքով:
Ջավախքում գաթայի փառատոնին իրենց օրհնությունն էին բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Վրաց եկեղեցու Ախալքալաքի և Կումուրդոյի մետրոպոլիտ Նիկոլոզ Փաճուաշվիլին:
Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության աջակցությամբ «Հայկական գաթա» փառատոնին հայկական ինքնատիպ ազգագրական ու հոգևոր երգերով հանդես եկավ Արարատյան Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» երգչախումբը:
Անիրավ տնտեսի կիրակիից հետո Մեծ Պահքի 24-րդ օրը կոչվում է Միջինք: Այսինքն՝ Մեծ պահքի օրերը կիսվում են: Այս տարի Միջինքը մարտի 2-ին է: Ազգային ժողովրդական սովորության համաձայն՝ տանտիկինները Միջինքի օրը Պահքի գաթա են պատրաստում:
Ըստ ավանդության՝ հնում այս օրը նշանված աղջիկ կամ տղա ունեցող ընտանիքներում ձեթով բաղարջ էր թխվում, մեջը հուլունք կամ դրամ էր դրվում և ուղարկվում փոխադարձաբար փեսացուին կամ հարսնացուին: Կտրելիս հավասար բաժին էին հանում տան բոլոր անդամներին, ում բաժնի միջից դրամը դուրս գար, համարվում էր, որ այդ տարվա ընթացքում նրա հաջողությունն ապահովված էր:
Վիրահայոց թեմի առաջնորդի ձեռամբ օրհնվեցին բոլոր գաթաները և բաժանվեցին ներկաներին: