Հուլիսի 13-ին, քաղաքապետարանի շենքի դիմացի այգում տեղի ունեցավ «Քաղաքացիական հասարակության հզորացում՝ սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքում հավասար և լիարժեք մասնակցության համար» ծրագրի շնորհանդեսը, որը նպաստում է շարքային քաղաքացիների ներգրավվածությանը մունիցիպալիտետի բյուջետավորման ընթացքին։

Ծրագիրն իրականացվում է «HEKS -EPER Georgia» կազմակերպության կողմից՝ Սամցխե-Ջավախքում իր գործընկերոջ՝ Քաղաքացիական հասարակության ձևավորման աջակցության կենտրոնի (SCCSF) աջակցությամբ:

Շնորհանդեսին մասնակցում էին տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար անձինք, պատգամավորներ, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի և սակրեբուլոյի աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Քաղաքացիական բյուջե 2024 -ը Ախալքալաքում առաջին անգամն է իրականացվում: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

Նախագիծը հավաքվածներին ներկայացրեցին Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի համակարգող Օլգա Էնդելաձեն «HEKS -EPER Georgia»-ից և Նինո Ռուխաձեն Սամցխե-Ջավախքի գործընկեր կազմակերպությունից ՝ Քաղաքացիական հասարակության ձևավորման աջակցության կենտրոնից (SCCSF):

Սամցխե-Ջավախքում ծրագիրն իրականացվում է երեք մունիցիպալիտետներում՝ Ախալքալաքում, Նինոծմինդայում և Ախալցիխեում:

Քաղաքացիական բյուջեի կատարման հիմնական նպատակն է բնակչությանը ներգրավել քաղաքի կառավարման կամ շրջանի կառավարման գործընթացներում։ Այն թույլ է տալիս քաղաքացիներին ինքնուրույն որոշել, թե ինչպես օգտագործել և բաշխել տեղական բյուջեի գումարները:

Հանրօգուտ գործողություններ իրականացնելու համար, նախագիծ ներկայացնելու իրավունք ունի Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի, ով գրանցված է և/կամ փաստացի բնակվում է Ախալքալաք քաղաքի տարածքում։ Քաղաքացիական բյուջեի նախագծի նախաձեռնողի կողմից ներկայացված հայտի բյուջեն չպետք է գերազանցի 30 000 լարին: Ծրագրի իրականացումը պետք է լինի Ախալքալաքի մունիցիպալիտետի իրավասությունների շրջանակում, այն պետք է ծառայի բնակչության բարեկեցությանը, այլ ոչ թե մասնավոր կամ բիզնես շահերին։ Ծրագրի իրականացումը պետք է հնարավոր լինի 2024 թվականի ընթացքում։

Ծրագրի հայտերն ընդունվում են 2023 թվականի հուլիսի 20-ից օգոստոսի 21-ը ներառյալ։

Դիմումը կարելի է ուղարկել varchucyun@gmail.com էլ. փոստի հասցեով

կամ ներկայացնել գրավոր՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարան՝ Չարենցի փողոց թիվ 11:

Ընտրված նախագծերը կֆինանսավորվեն մունիցիպալիտետի բյուջեից։

«Ծրագրի նպատակն է տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով որոշումների կայացման գործընթացում ներգրավել մունիցիպալիտետի քաղաքացիներին, այսինքն՝ քաղաքապետարանը որոշում է որոշակի գումար հատկացնել այդ նախաձեռնությունների համար։ Իրենք, տվյալ դեպքում՝ քաղաքապետարանը, պարտավորվում են, որ այն նախաձեռնությունները, որոնք կներկայացվեն այս գործընթացի շրջանակներում, կանցնեն բոլոր փուլերը և կընտրվեն հենց բնակչության կողմից, քաղաքապետարանն այստեղ մասնակցում է միայն տեխնիկական գնահատող, ընտրված նախաձեռնությունների տեխնիկական իրականացնող, սակայն վերջնական որոշումը քաղաքապետարանի չի կայացնում։ ընտրում են հեց իրենք՝ ընտրությունների օգնությամբ»,- ասում է Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի ծրագրերի համակարգող Օլգա Էնդելաձեն:

Քաղաքացիական բյուջեի գործընթացը տևում է 7 ամիս՝ յուրաքանչյուր տարվա հունիսից դեկտեմբեր և տրամաբանորեն բաժանվում է հետևյալ փուլերի.

1) Գործընթացի նախապատրաստում
2) Տեղեկատվական արշավ
3) Առաջնահերթությունների դասակարգում
4) նախագծերի մշակում և ներկայացում
5) նախագծերի ստուգում
6) նախագծերի ընտրություն
7) արտացոլում բյուջեում

Հավելյալ տեղեկություններ կարելի է գտնել Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կայքում՝ akhalkalaki.gov.ge։