Այսօր՝ նոյեմբերի 25-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավորները մի քանի առաջարկ են մտցրել 2023 թվականի բյուջեի նախագծում և վերադարձրել քաղաքապետարան՝ լրամշակման, ինչպես նաև, 41 103 լարիի չափով փոփոխություններ են կատարել 2022 թվականի բյուջեում։

Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում սկսվել են 2023 թվականի բյուջեի քննարկումները, որն ավելացել է 6 մլն լարիով և կազմում է 16 310 000 լարի։

Բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ պատգամավորները հանդես եկան մի քանի առաջարկներով, մասնավորապես.

1. Սակրեբուլոյին կից Գենդերային հանձնաժողովի գործունեության համար հատկացնել առնվազն 3000 լարի.

2. Առաջարկ է եղել քաղաքապետարանի սոցիալական ծրագրի միայնակ մայրերին աջակցության կետում «մայր» բառը փոխարինել ծնող բառով, եւ հանել տարիքային սահմանափակումը։ Նշենք, որ Ախալքալաքի սոցիալական փաթեթի համաձայն, միայնակ ծնող-ուսանողները կարող են ստանալ ուսման վարձի 50%-ի չափով սուբսիդավորում։

3. Հատկացնել մասնակցային բյուջե, որպեսզի մունիցիպալիտետի երիտասարդները հարկ եղած դեպքում կարողանան տարբեր միջոցառումներ իրականացնել։

4. Մեծացնել արտաքին լուսավորության համար հատկացված ծախսերը, հատկապես կենտրոնական ճանապարհներին (Արագվա-Խոսպիո) և սահմանամերձ տարածքներում (Խավեթում):

5. Աջակցել վերապատրաստվողների ծրագրերի ներդրմանը, մունիցիպալիտետի լավագույն ուսանողներին հատկացնել կրթաթոշակ և հնարավորության դեպքում միջոցներ հատկացնել փոխանակման ծրագրերի համար։

Ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Շիրվան Շիրինյանն առաջարկեց առաջարկների ցանկում ներառել նաև մարդատար մեքենաների գնման ծախսերը (70 հազար լարի) և «Тао» ռեգբիի ակումբի ներդրումը (55 հազար լարի): Առաջարկը դրվեց քվեարկության, ինչի արդյունքում այն չընդունվեց։

Պատգամավորները կողմ քվեարկեցին նաև ընթացիկ 2022 թվականի բյուջեի փոփոխություններին, որոնց փաթեթը կազմում է 41103 լարի։

Այս գումարը ներառում է.

20,303 լարի՝ քաղաքապետարանի շենքի վերականգնման համար,

2,000 լարի՝ մունիցիպալ շենքերը հաշվեկշռում գրանցելու համար,

15,000 լարի՝ «Тао» ռեգբիի ակումբին հատկացնելու համար,

1,800 լարի՝ ծառայողական մեքենայի համար ձմեռային անիվներ գնելու համար,

2000 լարի գործուղումների համար.