Երեկ՝ մայիսի 17-ին, խնդրագիր է ներկայացվել Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլո՝ մունիցիպալիտետի գյուղերում և քաղաքում հասարակական տրանսպորտային ցանց ստեղծելու խնդրանքով։ Այսօր՝ մայիսի 18-ին, խնդրագիրը կքննարկվի Սակրեբուլոյի բյուրոյի նիստում։
«Բաց սահմաններ» կազմակերպությունը 6 ամիս աշխատեց Ախալքալաքի տարբեր, հեռավոր գյուղերի երիտասարդական խմբի հետ։ Գյուղերում բազմաթիվ հանդիպումների, և մի խումբ երիտասարդների հետ աշխատանքային հանդիպումների արդյունքում, որոշվեց դիմել տեղական իշխանություններին մունիցիպալ, հասարակական տրանսպորտ կազմակերպելու խնդրանքով, քանի որ դրա բացակայությունը բազմաթիվ խնդիրներ և անհարմարություններ է առաջացնում մունիցիպալիտետի բնակչության համար։
Նախագիծը, որի շրջանակներում իրականացվում է Ախալքալաքի գյուղերի խնդիրների ուսումնասիրությունն ու փաստաբանությունը, կոչվում է «Ախալքալաքի բնակչության սոցիալական և տնտեսական զարգացումը տեղեկատվության միջոցով»։
Ծրագրի սկզբնական փուլում ուսումնասիրվել են մունիցիպալիտետի 64 գյուղերի և քաղաքի խնդիրները, որից հետո ընտրվել է 10 թիրախային գյուղ, որտեղ խնդիրներն ամենաշատն են եղել։ Այս գյուղերում, ծրագրի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ բնակչության հետ, որտեղ «Բաց սահմաններ» կազմակերպության անդամները, ծրագրի երիտասարդական խմբի հետ, լսել և քննարկել են 10 գյուղի խնդիրներ։ Բացի այդ, հանդիպումների ընթացքում կազմակերպության անդամները ոչ միայն քննարկել են խնդիրները, այլև բնակչությանը տեղեկացրել են տարբեր պետական և մասնավոր ծառայությունների մասին, որոնք անհրաժեշտ են քաղաքացիներին։
Ծրագրի ընթացքում, որը նպաստել է նաև երիտասարդության և բնակչության քաղաքացիական ակտիվությանը, երիտասարդական խմբի հետ միասին որոշվել է խնդրագիր ներկայացնել Ախալքալաքի սակրեբուլո, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմինները գյուղերն ու քաղաքը ապահովեն հասարակական տրանսպորտով։
Գյուղերում և քաղաքում երիտասարդական խումբը և կազմակերպության անդամները հավաքել են 420 ստորագրություն (խնդրագրում ստորագրությունների թիվը պետք է լինի մունիցիպալիտետի ամբողջ ընտրողների թվի 1%-ը)։ Բնակչությունն այս նախաձեռնությունը ընդունեց մեծ ոգևորությամբ և լիահույս։
Երիտասարդական խմբից ստորագրահավաքի պատասխանատուն Հնազիկ Ավետիսյանն է, ով խնդրագիրը ներկայացրեց Սակրեբուլո։
Սակրեբուլոյի վարչակազմը խնդրագիրը գրանցեց հետագա քննարկման համար։