Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է Լաչինի միջանցքի վերաբերյալ որոշումը, որը կայացրել էր փետրվարի 22-ին, հայտնում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։
«Սույն որոշմամբ Դատարանը փաստացի վերահաստատել է գործող իրադրության պայմաններում իր փետրվարի 22-ի որոշման կատարման անհրաժեշտությունը և այն պետք է պարտադիր կատարվի Ադրբեջանի կողմից»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելուց հետո Հայաստանը դատարանին խնդրել էր լրացնել որոշումը։
«2023 թվականի հուլիսի 6-ին Արդարադատության միջազգային դատարանը կայացրել է որոշում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր՝ 2023 թվականի փետրվարի 22-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման լրացման մասին Հայաստանի խնդրանքի վերաբերյալ, որը պայմանավորված էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու փաստով»,– ասված է հաղորդագրությունում։
Դատարանը վերահաստատել է իր նախորդ որոշումը, որով պարտավորեցրել էր Ադրբեջանին ձեռնարկել բոլոր միջոցները` երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը, գտել է, որ այս պահին չկա իր 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը լրացնելու անհրաժեշտություն: